01 11 2023

Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ

Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է․ 

«Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ։  

Գրիպի ընդհանուր ախտանշանները ներառում են՝

ջերմություն, մարմնի ջարդվածության զգացում, դող, սարսուռ և քրտնարտադրություն, գլխացավ, չոր հազ,

շնչարգելություն, հոգնածություն և թուլություն, քթահոսություն (հարբուխ)

կոկորդի ցավ և քերոցի զգացում,

ակնագնդերի ցավ, լուսավախություն և արցունքահոսություն, փսխում և փորլուծություն, որն ավելի տարածված է երեխաների մոտ։

Բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։

Գրիպի վիրուսով պայմանավորված առաջնային բարդություններից հատկապես վտանգավոր են առաջնային թոքաբորբը, վիրուսային միոկարդիտները, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը,  երիկամային անբավարարությունը և այլն։ Հղիների մոտ՝ որպես կյանքին սպառնացող ամենավտանգավոր գրիպի բարդություն, կարող է զարգանալ սուր շնչառական անբավարարություն։

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ կրկին հիշեցնում և հորդորում ենք.

 պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից,

 խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,

 եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

 եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

 մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

 հագնվե´ք եղանակին համահունչ,

 պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

 օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

 հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

 հետևե´ք անձնական հիգիենային»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ