01 11 2019

Ցավոք մեր ժամանակներում ընդհանուր միտումը ապահոգևորականացումն է․ վարչապետ

Ցավոք մեր ժամանակներում ընդհանուր միտումը ապահոգևորականացումն է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ:

Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին  Մայր Աթոռ Սուրբ էջմիածին այցելելու, Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անդամներին հանդիպելու համար և ներկայացրել նիստում քննարկվող հարցերի օրակարգը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ ասելով պետություն-եկեղեցի հարաբերություն՝ առաջին հերթին հասկանում է ոչ միայն և ոչ այնքան նյութական հարաբերությունների կարգավորումներ, այլ քննարկում՝ մեր երկրում հոգևոր կյանքի, հոգևոր արժեքների և հոգևոր մթնոլորտի առումով: «Ընդհանուր առմամբ, երբ ես մտածում եմ մեր երկրում առկա մթնոլորտի մասին՝ ես այն եզրակացությանն եմ գալիս, որ ցավոք մեր ժամանակներում, ես չեմ ուզում այդ ժամանակների մեկնարկ, ավարտ, այսինքն մի կոնկրետ ժամանակ նշել, ընդհանուր միտումը ապահոգևորականացումն է: Եվ սա ես նկատի չունեմ որպես ծառայություն, ես նկատի չունեմ որպես պաշտոն, կարգավիճակ, ես նկատի ունեմ առաջին հերթին ընկալումը հանրային հարաբերություններում, այսպես ասած, էլիտայի և հանրության հարաբերությունները, ընդհանրապես կամայական երկու քաղաքացիների հարաբերությունները: Իմ կարծիքն այն է, որ այդ ապահոգևորականացման ֆոնին է, որ տեղի են ունենում քաղաքական դեգրադացիաներ և տեղի է ունենում կոռուպցիայի ծավալում և ոչ միայն կոռուպցիայի ծավալում, այլև դա դառնում է շատ սովորոական հարաբերությունների կերպ և այս ապահոգևորականացման ճանապարհին և ֆոնին է, որ հանրության ավելի ու ավելի մեծ շերտեր են ներգրավվում ահա այդպիսի երևույթների մեջ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է՝ իր քաղաքական գործունեության մեջ կարևորում է հոգևոր արժեքների  դերը: «Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ մեր կառավարության առաքելությունը և անձամբ իմ առաքելությունը ընդհանրապես ոչ միայն այս կարգավիճակում, այլև իմ ողջ կյանքի ընթացքում ես համարել եմ իրական փոփոխություններ բերելը, այնպիսի փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, որոնք կծառայեն երկրին, որոնք կծառայեն պետությանը, որոնք կծառայեն եկեղեցուն, որովհետև ինձ համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են և բազմիցս ասել եմ՝ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության և կյանքի անբաժանելի մասը: Ես ընդհանրապես համարում եմ, որ քաղաքական գործունեությունն ինձ համար իմաստ չէր ունենա, եթե այդ շատ կարևոր կոմպոնենտը տեղ չզբաղեցներ այդ գործունեության մեջ»,-ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են եկեղեցի-պետություն հարաբերություններին, մեր պետության և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, առկա խնդիրներին և դրանց լուծման հանարավորություններին, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև հանրության շրջանում հնչեղություն ունեցող թեմաներին վերաբերող մի շարք հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ