30 10 2019

Բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 47 մլրդ դրամով կամ 6.2%-ով

Բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 47 մլրդ դրամով կամ 6.2%-ով

2019 թվականի երրորդ եռամսյակի ամփոփման և տարվա ինը ամիսների տվյալներով ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշները ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միությունում կազմակերպվել է մամուլի ասուլիս:

Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանն ու ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մանրամասներ են ներկայացրել նշված ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի գործունեության տարբեր ուղղություններում գրանցված արդյունքների վերաբերյալ:

Հայաստանի բանկերի միության նախագահ Մ. Աբրահամյանն իր խոսքում ընդգծել է, որ համապատասխան ցուցանիշների վերլուծությունը հերթական անգամ հավաստում է համակարգի կայունությունն ու հուսալիությունը, ինչպես նաև վերջինիս շարունակական զարգացման և կատարելագործման տրամաբանությունը:

ՀԲՄ գործադիր տնօրեն Ս. Սարգսյանն անդրադարձ է կատարել վիճակագրական մի շարք տվյալների ու ընդգծել, որ գրեթե բոլոր ուղղություններում գրանցվել են աճման միտումներ և համեմատության մեջ ապահովել են նկատելի առաջընթաց:

Հրապարակված ցուցանիշների համաձայն 2019 թվականի երրորդ եռամսյակում ընդհանուր կապիտալն աճել է 29 մլրդ դրամով կամ 3.8%-ով, իսկ տարվա 9 ամիսների ընթացքում՝ 47 մլրդ դրամով կամ 6.2%-ով:

Անդրադառնալով վարկային ներդրումների ծավալին՝ բանախոսներն ընդգծել են, որ երրորդ եռամսյակում աճը կազմել է 118.5 մլրդ դրամ կամ 3.6%, իսկ 9 ամիսների ընթացքում՝ 125.5 մլրդ դրամ կամ 3.9%:

Ներկայացվող եռամսյակի ընթացքում բանկերի ընդհանուր ակտիվներն աճել են 139 մլրդ դրամով կամ 2.6%-ով, իսկ 9 ամիսների տվյալներով՝ 432 մլրդ դրամով կամ 8.7%-ով:

Ըստ վիճակագրության՝ ընդհանուր պարտավորությունները եռամսյակի ընթացքում աճել են 109 մլրդ դրամով կամ 2.4%-ով, իսկ 9 ամիսների արդյունքներով ՝ 384 մլրդ դրամով կամ 9.2%-ով, իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են համապատասխանաբար 192.9 մլրդ դրամով կամ 6.4%-ով և 351 մլրդ դրամով կամ 12.4%-ով:

ՀՀ առևտրային բանկերի կողմից ներկայացված տվյալների ամփոփման հանրագումարում արձանագրվել է, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում բանկային համակարգի շահույթն աճել է 177.1 մլն դրամով կամ 0.8%-ով` կազմելով 22.5 մլրդ դրամ, իսկ 9 ամիսների արդյունքներով համակարգն ապահովել է 60.9 մլրդ դրամի շահույթ:

Հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում Հայաստանի բանկերի միության նախագահ Մ. Աբրահամյանն ու ՀԲՄ գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից բարձրացված և բանկային տարբեր գործառույթներին վերաբերող հարցադրումներին:

Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ