16 10 2019

Վիրավորված ոստիկանի վիճակը կայուն է․ բժիշկ

Վիրավորված ոստիկանի վիճակը կայուն է․ բժիշկ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գիշերը Երևանում վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն է։

Ոստիկանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի հատվածի սալջարդ վերք:

«Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, գտնվում է հսկողության տակ, ստանում է կոնսերվատիվ բուժում»,- նշեց նա՝ հավելելով, որ բարեբախտաբար, գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն հայտնաբերվել, գլխուղեղի ցնցում է եղել։

Ոստիկանը դուրս կգրվի երկու-երեք օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը' ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։

Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ