15 10 2019

ՀՀ ԶՈւ զորավարժություն՝ ՆԱՏՕ-ի երկրների դիտորդների գնահատմամբ

ՀՀ ԶՈւ զորավարժություն՝ ՆԱՏՕ-ի երկրների դիտորդների գնահատմամբ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվել է զորավարժություն, որին ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը, ինժեներասակրավորային դասակը և զինված ուժերի դաշտային շարժական հոսպիտալը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը և միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը, իսկ գլխավոր առանձնահատկությունը՝ բազմազգ միջավայրում նշյալ ստորաբաժանումների համատեղ գործելու ունակությունների ներդաշնակումը և դաշտային վարժվածության կատարելագործումն էր:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դիտորդների ներկայությամբ ընթացող գործնական վարժանքներին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով:

Զորավարժության մտահաղացման համաձայն՝ պայմանական հակամարտության գոտում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը և ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը:

Ներգրավված ստորաբաժանումների որակավորմանը միտված վարժանքների շրջանակում խաղարկվել են միջազգային խաղաղարար առաքելությունների ընթացքում հանդիպող պայմանական մի շարք մարտավարական դրվագներ: Ուսումնական կենտրոնում բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում և այլ օպերատիվ միջոցառումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ