04 10 2019

Զինվորներին սննդով ապահովելու համակարգում ներգրավված է 6 ընկերություն. վարչապետ

Զինվորներին սննդով ապահովելու համակարգում ներգրավված է 6 ընկերություն. վարչապետ

Հավաքվել ենք քննարկելու համար այն փոփոխությունը, որ ունենք զինված ուժերի ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Զինված ուժերի սննդամատակարարման գործընթացի վերաբերյալ խորհրդակցության սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք այդտեղ տեսնում ենք էական և շոշափելի փոփոխություններ, որը նաև շատ դրական արձագանք է  գտնում ինչպես զինվորների, զինծառայողների, այնպես էլ հանրության շրջանում:

Այսօր պետք է քննարկենք, թե ինչպիսին է մեր ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում պրոցեսը , ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, եթե ի հայտ են գալիս և ինչպես ենք պատկերացնում այդ խնդիրների լուծումը:

Նաև պետք է հասկանանք, թե այս հարաբերությունների փոփոխության արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում և դրանք ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, ինչ հետևություններ են բխում այս ամենից:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ նաև կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով մենք ինչ երկարաժամկետ պատկերացում ու հաշվարկներ ունենք և մեր այսօրվա հաշվարկները որքանով են համապատասխանում այն նախնական պայմանավորվածություններին, որոնց մասին մենք խոսել ենք այս համակարգը ներդնելուց առաջ: Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք 6 ընկերությունների հետ և այդ ընկերությունները այս պահի դրությամբ ապահովում են 7 հազար մարդու սնունդը»:

Հիշեցնենք, որ նոր կարգով սննդի մատակարարումը նախարարությունից աստիճանաբար անցնում է մասնավորին: Ծրագիրն իրականացվում և՛ ՀՀ ՊՆ, և՛ Արցախի ՊԲ զորամասերում: Համակարգն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել բոլոր զորամասերում մինչև 2020 թվականի վերջը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ