09 09 2019

Հացի մեջ միջատ․ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում զինվորներին․ Tert.am

Հացի մեջ միջատ․ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում զինվորներին․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է տեղադրում, որ զինվորներին տրամադրվող սնունդը գերազանց է և հպարտությամբ հայտարարում է, թե նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին, N զորամասի զինվորներից մեկը Tert.am-ին նամակ է ուղարկել, ինչպես նաև լուսանկարներ՝ ցույց տալու, թե իրականում ինչպիսի սնունդ է իրենց հիմա մատուցվում։

 «Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե, ահա թե ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում իր զինվորներին, պարո՛ն վարչապետ: Այժմ այն զորամասում, որտեղ ես եմ ծառայում, կան բավականին մեծ թերություններ, որոնց ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Արդեն 10 օր է՝ նախաճաշին և ընթրիքին տալիս են շատ վատ կարտոֆիլի պյուրե, որի միջից մեկ անգամ էլ միջատ ենք հանել: Հացի մեջ նույնպես գտանք այդ միջատից, ինչն էլ նկարեցի։ Զինվորներին տրամադրված գուլպաներն ու ներքնաշորերը ոչ լիարժեք է բաժանվում և տեղյակ չենք, թե որտեղ են դրանք»,-լուսանկարներին կից նշել է զինծառայողը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ իրեն ուղարկած «Mercy» գրառմամբ ափսեի լուսանկարը՝  տեղեկացնելով, թե Նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին:«Այս ափսե-գրառումն իրենց զորամասի ճաշարանում թողել են Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները: Լուսանկարը քիչ առաջ ինձ ուղարկեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին և այս գործընթացը հետևողականորեն շարունակվում է »,– գրել էր վարչապետը։

Tert.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն անդրադառնալով զինվորի բարձրացրած խնդրին` ասաց. այն, որ զինվորի սնունդն այդպիսի որակի է, դա ոչ միայն անթույլատրելի է, դա խայտառակություն է, դատապարտելի է, ինչը պետք  է լինի Նիկոլ Փաշինյանի օրակարգի ամենակարևոր հարցը:

«ՀՀ-ում կարելի է խոնարհվել յուրաքանչյուրի առաջ, ով սահմանին կանգնած է: Պատկերացրեք, երբ դիմացդ մինչև ատամները զինված Ադրբեջանն է, երբ ամեն վայրկյան կարող է իրավիճակը սրվել, քանի որ պատերազմը վերջացած չէ, այդ պայմաններում պետությունն առնվազն իր վրա պետք է վերցնի 18 տարեկան երեխայի  բոլոր խնդիրները, որպեսզի զինծառայողը կենտրոնանա մարտական հերթապահության վրա: Այն, որ զինվորի սնունդում այդպիսի բան է հայտնաբերվում, բառեր չեմ գտնում ասելու, դա ոչ միայն անթույլատրելի է, դա խայտառակություն է,  դատապարտելի է:  Սա ամոթ է, սա նույնն է, ինչ-որ ապրիլյան զոհերի հիշատակը պղծելը»,-ասաց նա:

Վան Համբարձումյանը նշեց, որ այս դեպքը ցույց է տալիս իրական բանակի սննդի որակի վիճակը` չնայած իշխանությունների հայտարարություններին: «Ոչ Պաշտպանության նախարար Դավիթ  Տոնոյանի հայտարարություններն են համապատասխանում իրականությանը, ոչ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, երբ ասում են թե սննդի հարցը բանակում լուծվել է:  Փաստ է, որ որակյալ սնունդ չեն մատակարարում, քանի որ որակյալ սնունդը թանկ է նստում»,- ասաց նա և կոչ արեց` ոչ պլանավորված ստուգումներ անցկացնել և պարզել սննդի իրական վիճակը:

Ռազմական փորձագետը նաև նշեց, որ վարչապետի այն պնդումը, թե հիմա զինվորների «մայկա-տրուսիկների» հարցը լուծվել է, նույնիսկ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ զինվորական խանութներից ծնողները շարունակում են գնել և ուղարկել երեխաներին բոլոր պարագաները: «Ծնողներն ասում են, որ եթե մեր երեխաներին չհասցնենք` տկլոր կմնան»,- ասաց նա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ