21 08 2019

Նոր նախագիծը կարող է տանել հեռուստատեսության բիզնեսի վերացմանը․ «Մեդիա պաշտպան»

Նոր նախագիծը կարող է տանել հեռուստատեսության բիզնեսի վերացմանը․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է հրապարակել, որում ասվում է․

«Մի քանի հասարակական կազմակերպություններ Ազգային ժողովին են ներկայացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ, որը պարունակում է մի շարք առանցքային հիմնախնդիրներ և այս օրենքի սկզբունքների ընդունումը մեծ սպառնալիք կարող է դառնալ Հայաստանում ազատ խոսքի գոյության ու հեռուստատեսությունների հետագա գործունեության համար։

Նախ և առաջ անհասկանալի է օրենքի մշակման հրատապությունը մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից՝ առանց հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների ներգրավման և հասարակական պահանջի։ Թե հեռուստատեսության սպառողների՝ հեռուստադիտողների, և թե հեռուստատեսային արտադրանքի ստեղծողների համար, երկրի համար այս թեժ շրջանում, երբ իրենց հերթին են սպասում տնտեսական հեղափոխության, հակակոռուպցիոն ռազմավարության և իրավական համակարգի բարեփոխումների օրենսդրական փաթեթները, անթույատրելի է Ազգային ժողովի ռեսուրսների վատնումը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի վրա, այն դեպքում, երբ նախկինը կարողանում էր ապահովել ոլորտի գործունեությունը։

Նոր օրենքով հանրային մուլտիպլեքսորից օգտվելու իրավունք է տրվում միայն հանրային հեռուստատեսությանը իր 5 ալիքով՝ մասնավոր հեռուստաընկերություններին թողնելով միայն կաբելային ոլորտը և ենթադրական մասնավոր մուլտիպլեքսորներին, որոնք կարող են հիմնադրվել այս օրենքի պահանջներին համաձայն։ Երբ ամբողջ աշխարհում գնում է լրատվամիջոցների ազատականացման գործընթաց, տարակուսելի է հասարակական կազմակերպությունների միտումը՝ անհամադրելի առավելություններ ընձեռել պետական միջոցներով սնվող և պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին։ Այս հանգամանքը ոչ միայն հարցականի տակ կդնի մասնավոր հեռուստաընկերությունների մրցունակությունը, այլև կարող է տանել այս բիզնեսի վերացմանը։ Հանրային մուլտիպլեքսը հաղորդակցության ամենահզոր միջոցն է, որից օգտվում են հեռուստադիտողների 65-70 տոկոսը։

Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսորին (մուլտիպլեքսորներին), ապա նրանց գոյությունը խնդրահարույց է մի շարք պատճառներով։ Նախ, այն չափազանց թանկ է, պահանջում է միլիարդների ներդրումներ, և շատ քչերը Հայաստանում կնախաձեռնեն նման ռիսկային բիզնես, և ըստ այդմ, մասնավոր հեռուստաընկերությունների հայտնվելը որևէ մուլտիպլեքսորում կասկածի տակ է։

Ավելին, մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունը դառնում է զուտ բիզնես և տեխնիկական գործունեություն, մինչդեռ նրանց արտոնագիր տրամադրելու իրավասությունը տրվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որը, ըստ նույն օրինագծի՝ կազմավորվում է հայտնի լրագրողներից ու արվեստագետներից, հարգարժան մարդկանցից, ովքեր, սակայն պետք է որ տարտամ պատկերացումներ ունենան բիզնեսից ու տեխնիկական խնդիրներից, որի վերաբերյալ իրենք պետք է որոշումներ կայացնեն։ Այստեղ մեծ է վտանգը, որ ՀՌՀ անդամները որոշումները կկայացնեն ոչ թե իրենց կոմպետենցիայի շրջանակներում, այլ օտար կարծիքների և պետական լծակների ազդեցության տակ։

Օրենքի նախագիծը կազմված է իրավական թույլ լեզվով, անկատար են մի շարք դրույթներ, այդ թվում՝ անցումային դրույթները, որոնք պարզապես խառնաշփոթ կարող են մտցնել հեռուստահաղորդակցության ոլորտում։

Մտահոգիչ է մամուլի ազատությունը սահմանափակող այս օրենքի ներկայացումը այն կազմակերպությունների կողմից, որոնք օտարերկրյա ֆինանսավորմամբ տարիներ շարունակ հայտատարել են, թե զբաղվում են խոսքի ազատության պաշտպանությամբ։ Չի բացառվում, որ այս օրենքի նախագիծը նույնպես մշակվել է եվրոպական ֆինանսավորմամբ։

Օրենքի այս նախագիծը համարում ենք սկզբունքորեն անընդունելի։ Եթե իրական անհրաժեշտություն կա «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք ընդունելու (իսկ այդ անհրաժեշտությունը դեռ պետք է հիմնավորվի), ապա պահանջում ենք այդ նախագիծը մշակել ոլորտի մասնագետների և շահառուների ներգրավմամբ։

Կոչ ենք անում շահագրգիռ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, միջազգային կազմակերպություններին իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ լրատվություն ստանալու իրենց իրավունքի սահմանափակման այս կոպիտ փորձի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ