ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աջակցող սարքերի ձեռքբերման նպատակով։ Խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով տրամադրվող պետական հավաստագրերով տրվող միջոցների մասին է։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնությոն հետ կապերի վարչությունը:
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավելի շահառուներ են դիմել՝ հավաստագիր ստանալու համար, ուստի աջակցող սարքերի նախատեսված քանակը սպառվել է, և հավելյալ խմբաքանակ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել:
Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխման արդյունքում հավելյալ 200 հատ անվասայլակ, 50 հատ լսողական սարք (30-ից բարձր տարիքի անձանց համար), 20 հատ ետնաքայլակ (մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար), 41 հատ քայլակ, 85 զույգ օրթոպեդիկ շտկող ներդիր, 761 զույգ օրթոպեդիկ կոշիկ, 71 հատ օրթեզ, 25 հատ պրոթեզ և այլ աջակցող միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կունենա։
Հարկ է նշել, որ աջակցող միջոցները տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա, նախարարության կողմից որակավորված կազմակերպությունների կողմից, ինչի արդյունքում բարձրացել է տրամադրող կազմակերպությունների մրցակցությունը, հետևաբար՝ նաև աջակցող միջոցների որակը:
Միաժամանակ, պետական հավաստագիրը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել և ձեռք բերել իր կարիքի առավելագույնս հարմար աջակցող միջոցը, իր նախընտրած կազմակերպությունից: Այս հանգամանքով, միաժամանակ հանրային իրազեկման բարձրացմամբ պայմանավորված` մեծացել է շահառուների դիմելիությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը