15 08 2019

Սեպտեմբերից Երևանում սպասվում է տրանսպորտային կոլափս․ Արթուր Ղազինյան

Սեպտեմբերից Երևանում սպասվում է տրանսպորտային կոլափս․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է․

«Քանի դեռ աղբահանության հարցով կառավարությունն արտահերթ նիստ չի հրավիրել, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծել, Երեւանի քաղաքապետարանին ցանկանում եմ հուշել, որ բացի աղբահանության խնդրից, Երեւանն ունի բազմաթիվ այլ լրջագույն խնդիրներ։ 

Սեպտեմբերից Երեւանի փողոցներում սպասվում է տրանսպորտային կոլափս։

Մեքենաների թիվը շեշտակի ավելանում է, իսկ ճանապարհները չեն ադապտացվում այս քանակի մեքենաներին։

Ցանկանում եմ օգնել Երեւանի քաղաքապետարանին եւ առաջարկել մի քանի լուծումներ։

Երեւանի ճանապարհներին հիմնականում խցանում են առաջացնում սպասարկող, մատակարարող եւ օժանդակ ծառայություններ մատուցող մեքենաները՝ առաքիչները, մատակարարները, տեխնիկական սպասարկում իրականացնող մեքենաները։

Երեւանի սպասարկման եւ առեւտրային կետերի մատակարարումն ու տեխնիկական սպասարկումն այսօր կանոնակարգված չէ եւ այն իրականացվում է օրվա բոլոր ժամերին, այսինքն ում երբ հարմար կլինի։

Արդյունքում բեռնատար մեքենաները, կայանատեղերի բացակայության պատճառով կանգնում երկրորդ, իսկ հաճախ նաեւ երրորդ շարքում՝ առաջացնելով խցանումներ ամբողջ քաղաքում։

Ելնելով վերոգրյալից, կարծում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը պետք շտապ կարգով կանոնակարգի այս հարցը՝ առաքման, մատակարարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունների համար աշխատանքային ժամեր հայտարարելով առավոտյան 6-ից մինչեւ 8-ը, կամ երեկոյան 22-ից 24-ը։

Այս որոշման արդյունքում առավոտյան 6-ից աշխատանքի դուրս կգան ոչ միայն առաքիչները՝ իրենց մեքենաներով, այլեւ պահեստի պատասխանատուները, տնօրենները, գրասենյակների ղեկավարները եւ այլ ծառայությունների աշխատակիցներ։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ քանակի մեքենա կպակասի Երեւանի փողոցներից, եթե նշված աշխատանքներն իրականացվեն առավոտյան ժամերին եւ որքան կթեթեւանան քաղաքի փողոցները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ