«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Գյումրի չվերթները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերությունում անանուն աղբյուրը: Նրա խոսքով՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:
«Գյումրիի օդանավակայանում, ցավոք, վառելանյութ մատակարարող ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, և վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները դեպի Գյումրի կկատարի մինչև ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին դժվար կացության մեջ չդնի, սակայն ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքն արդեն իսկ դադարեցված է»,- տեղեկացրել է աղբյուրը:
Նշենք, որ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը