Նախնական տպավորությամբ հալված, տաք վիճակում գտնվող մոմ է, մի քանի րոպեում բերել, շաղ են տվել գերեզմանքարերի վրա ու արագ հեռացել. Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Ալթունյանը նշեց, որ չի կարող ասել, թե ովքեր են եղել: «Պարզվում է, որ նման մարդիկ կան այս հասարակությունում: Ենթադրում ենք՝ որոշակի հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել, որը դրսևորվել է մի շարք այլ գերեզմանատներում, մարդիկ եկել են արդեն պատրաստի տաքացված մոմով, կենտրոնական մուտքով չեն եկել, շաղ են տվել գերեզմանաքարերրի վրա և հեռացել»,-ասաց նա:
Ըստ Ալթունյանի՝ դեպքը եղել է երեկ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, աշխատակիցները մինչև գիշեր մաքրել են:
Նա հույս հայտնեց, որ իրավապահ ծառայությունները կպարզեն, թե ովքեր են եղել, երբ է եղել, ինչ է եղել:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշեց, որ տարածքը հսկվում է, բայց ամեն ինչը տևել է մի քանի րոպե: «Տարածքը չի փակվում, ցանկացած մարդ կարող է ցանկացած ժամի գալ և գնալ, ամեն եկողի հետ չես կարող պահակ դնել, դա աբսուրդ է: Հիմա քննարկում ենք մի բան, որը բանականության շրջանակից դուրս է, այսինքն՝ խելագարության կանխավարկած կլինի, ոնց անենք, որ բացառենք: Ամեն ինչ կանենք, որպեսզի տեսահսկման համակարգերը տեղադրվեն, վերահսկողական ծառայությունն ուժեղացվի, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ պետք է գտնել մարդկանց, ովքեր արել են և հասկանալ՝ ինչո՞ւ են արել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը