30 07 2019

Մանվել Գրիգորյանի ընկերությունը 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն ունի. ՊԵԿ

Մանվել Գրիգորյանի ընկերությունը 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն ունի. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել  Մանվել Գրիգորյանի գործով դատավորին՝ խնդրելով Մանվել Գրիգորյանի գույքերից մեկի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ-ն իրացնի այդ գույքը, վաճառի այն և գոյացած շուրջ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի։ Նշենք, որ խոսքը՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրվել քննիչի որոշմամբ, դեռևս նախաքննության ընթացքում։

Պարզվում է, որ դեռևս 2015թ. ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել հիշյալ ընկերությունում, ինչի արդյունքում «Արա և Այծեմնիկ» ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 18 մլն դրամի հարկային պարտավորություն։

Համաձայն ՊԵԿ գրության՝ ընկերությունը չի բողոքարկել ստուգման ակտը, ինչից հետո դրա կատարումը հանձնարարվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Արդյունքում 2019 թ. մայիսին ԴԱՀԿ-ում հարուցվել է կատարողական վարույթ՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ–ից հօգուտ պետական բյուջեի նշված գումարը բռնագանձելու վերաբերյալ։ Կատարողական վարույթի շրջանակներում արգելանքի  է վերցվել «Արա և Այծեմնիկ» ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույքը։ Վարույթի շրջանակներում, սակայն  պարզվել է, որ ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում նշված գույքը կալանքի տակ է դրված, ինչն արգելանք է հանդիսանում կատարողական վարույթի շրջանակներում պարտապան ընկերության գույքը հարկադիր աճուրդում իրացնելու համար։ Այսպիսով ՊԵԿ-ը դիմել է դատարանին՝ խնդրելով վերացնել «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ին պատկանող գույքի վրա կիրառված արգելանքը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ