Facebook Inc-ը 5 մլրդ դոլարի չափով ռեկորդային տուգանք կվճարի, որպեսզի կարգավորի իր գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հետաքննությունը:
Բացի այդ ընկերությունը կփոխի գաղտնիության վերաբերյալ իր մոտեցումը, հայտարարել է ԱՄՆ-ի Դաշնային առևտրային հանձնաժողովը (FTC), գրում է Reuters-ը:
«Չնայած ողջ աշխարհով միլիարդավոր օգտատերերին բազմիցս տված խոստումներին, որ նրանք կարող են վերահսկել անձնական տեղեկատվության փոխանցումը, Facebook-ը չարաշահել է սպառողների ընտրությունը», - ասել է FTC նախագահ Ջո Սայմոնսը:
Facebook-ը համաձայնել է լրացուցիչ 100 մլն դոլար վճարել, որպեսզի հարթեցնի մեղադրանքն այն մասին, որ նա ներդրողներին մոլորության մեջ է գցել օգտատերերի տվյալների չարաշահման լրջության վերաբերյալ, հայտնել է Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը:
FTC-ն հայտնել է, որ տվյալների նկատմամբ Facebook-ի քաղաքականությունը սխալ է եղել տասնյակ միլիոնավոր մարդկանց նկատմամբ, որոնք օգտագործել են դեմքերի ճանաչման նրա գործիքը:
Համաձայնագրի համաձայն՝ Facebook-ի խորհուրդը կստեղծի գաղտնիության հարցով անկախ կոմիտե, որը վերացնում է «Facebook- ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կողմից անխոչընդոտ վերահսկողությունը, որը վերաբերում է օգտատերերի գաղտնիության մասին որոշումներին»:
Facebook- ը նաև համաձայնել է խստացնել կողմնակի հավելվածների նկատմամբ վերահսկողությունը:
Facebook-ին նաև արգելվում է գրանցման ժամանակ օգտվողներից էլ.փոստի գաղտնաբառերը պահանջել այլ ծառայությունների համար:
Facebook- ը հայտնել է, որ FTC-ի հետ գործարքը ընկերությանը «նոր հիմք կտա անձնական կյանքի պաշտպանության համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը