Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հաշվի առնելով, որ զինված ուժերում մահվան դեպքերը, դրանց պատճառները մշտապես գտնվում են հանրության, իրավապաշտպանների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և որոշակի պարբերականությամբ տվյալներ են հայցվում նաև ՀՀ դատախազությունից՝ տեղեկացնում է հետևյալը.
ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա:
29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
2018թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված: Այսինքն՝ ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ցավոք, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով:
Այս տարվա ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների, ունեն հետևյալ պատկերը՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված վիճակի հետ.
• 2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով (2018թ.1-ին կիսամյակին՝ 5), • 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով (6),
• 0-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (1),
• 1-ը՝ հիվանդությունից (2),
• 0-ը՝ ականի պայթյունից (1),
• 3-ը՝ սպանության հետևանքով (1),
• 1-ը դժբախտ պատահարից (1),
• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից (1),
• 0-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (1):
Զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի պատճառները հետևյալներն են՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում արձանագրված վիճակի հետ.• 10-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (2018թ.1-ին կիսամյակում՝ 6),
• 7-ը՝ հիվանդությունից (5),
• 0-ը՝ դժբախտ պատահարներից (1),
• 1-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել (0)։
Որպես հետգրություն նշեմ, որ ավելի վաղ հրապարակվել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի զեկույցը զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ, որտեղ որպես ստացված տվյալների պաշտոնական աղբյուր, հղում է կատարվել նաև ՀՀ գլխավոր դատախազությանը: Սակայն խնդրո առարկայի վերաբերյալ գլխավոր դատախազությունը կիսամյակի կտրվածքով դեռևս ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել որևէ սուբյեկտի: Պարոն Արթուր Սաքունցից ստացվել է պաշտոնական հարցում, որին ամենասեղմ ժամկետում կտրվի հարցման էությունից բխող պարզաբանումներով լիարժեք պատասխան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը