11 07 2019

Հայաստանի բնակչությունը հասել է նվազագույնի․ Panorama.am

Հայաստանի բնակչությունը հասել է նվազագույնի․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Հուլիսի 11-ը ՄԱԿ-ը հռչակել է բնակչության համաշխարհային օր։ Այս տարի օրվա առթիվ կոչն է՝ առավել մեծ ուշադրություն դարձնել 1994-ին Կահիրեում ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի ժամանակ հնչեցված խնդիրների լուծմանը։ Խնդիրները վերաբերում են վերարտադրողական առողջությանը, գենդերային հավասարությանը և այլնին, որոնք դիտարկվում են անհրաժեշտ պայման հասարակության զարգացման համար։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի մասին փորձագետներն ահազանգում են՝ բնակչությունն արագ տեմպերով ծերանում է, ծնելիությունը նվազել է, ամուսնությունները նվազել են, ամուսնալուծություններն ավելացել են, միգրացիան շարունակվում է, գյուղերը դատարկվում են։

Ուշագրավ է, որ Հայաստանում քաղաքաբնակներն ավելի շատ երեխաներ են ունենում, քան գյուղերում ապրողները։ Աշխարհում նման բան չկա։ Եթե 1990-ին գյուղական վայրերում մեկ կինն իր ծնունակ տարիքում ունենում էր միջին հաշվով 3.2 երեխա, քաղաքային վայրերում՝ 2.3 երեխա, ապա 2017 թվականին պատկերն այսպիսին էր՝ գյուղական վայրերում 1.465, իսկ քաղաքային վայրերում՝ 1.627 երեխա։ 

Panorama.am-ը ներկայացնում է բնակչության վերաբերյալ թվեր՝ Ազգային վիճակագրական կոմիտեի կայքում հրապարակված «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2018»-ից։

Բնակչությունը նվազում է։ 2018-ին Հայաստանի բնակչությունը հասել է նվազագույնի՝ 1979 թվականից ի վեր։ Ամեն տարի բնակչությունը նվազում է՝ 1979-ին բնակչությունը կազմել է 3 037.3 մարդ, 1989-ին՝ 3 304.8 մարդ, 1999-ին՝ 3 232.1 մարդ, 2009-ին՝ 3 076.8 մարդ, 2018-ին՝  2 972.7 մարդ։

Ծնելիությունը նվազում է։ Ամեն տարի Հայաստանում ավելի քիչ երեխաներ են ծնվում։ 2012-ին հանրապետությունում ծնվել է 42 480 երեխա, 2013-ին՝ 41 790, 2014-ին՝  43 031, սա բացառիկ տարի է, երբ ծնունդները նախորդ տարվա համեմատ ավելացել են, 2015-ին՝ 41 763 երեխա, 2016-ին՝  40 592 երեխա, 2017-ին՝ 37 700 երեխա, 2018-ին՝ 2018 թ-ին Հայաստանում ծնվել է 36 հազար 502 երեխա։

Մահացության ցուցանիշը տատանվում է։ 2009-ից ի վեր 1000 բնակչի հաշվով մահացության ցուցանիշը տատանվում է 9- 9.4 սահմաններում։ 2016-ին մահացության առավել բարձր ցուցանիշ է գրանցվել՝ 9.4, 2017-ին նվազել է՝ հասնելով 9.1-ի։ Մահվան պատճառների թվում առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի խնդիրները, ապա՝ նորագոյացությունները, էնդոկրին համակարգի հիվանդությունները, շնճառական օրգանների հիվանդությունները։

Բնակչությունը ծերանում է։ Այսօր Հայաստանում բնակչության 11.6 տոկոսը  65-ից բարձր տարիք ունեցողներն են։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  կանխատեսումների համաձայն, նրանց թիվը դեռ կավելանա՝ 2050-ին հասնելով  21.4 տոկոսի։ Բնակչությունը համարվում  է ծերացող, եթե բնակչության 7 տոկսը 65-ից բարձր տարիքի մարդիկ են։

Քիչ են ամուսնանում։ Ամուսնությունների թիվը 2014-ից ի վեր ամեն տարի նվազում է։ 2014-ին գրանցվել է ամուսնության 18 912 դեպք, 2015-ին՝ 17 603 ամուսնություն, 2016-ին՝ 16 294, 2017-ին՝ 15 214, 2018-ին՝  14 822 ամուսնություն։

Շատ են ամուսնալուծվում։ Ամուսնությունների նվազմ,անը զուգահեռ ավելանում են ամուսնալուծությունների թիվը։ Այս առումով ռեկորդակիր էր 2014-ը, երբ գրանցվեվ ամուսնալուծության 4 496 դեպք։  2015-ին ամուսնալուծվել է 3 670 զույգ, 2016-ին՝ 3 648, 2017-ին՝ 3 940, 2018-ին՝  3819 զույգ։

Ուշ են ամուսնանում։ Հայաստանում թե կանայք, թե տղամարդիկ սկսել են ուշ ամուսնանլ։ Առաջին ամուսնության միջին տարիքը տղամարդկանց դեպքում 29.9 տարեկան է, կանանց դեպքում՝ 26.6։ Համեմատության համար նշենք, որ 20 տարի առաջ տղամարդկանց ամուսնության միջին տարիքը 26.8 տարեկանն էր, կանանց դեպքում՝ 22.7 տարեկանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ