08 07 2019

Կրկին բողոքի ցույցեր՝ Թբիլիսիում



Թբիլիսիում հուլիսի 8-ի երեկոյան քաղաքի տարբեր հատվածներից միաժամանակ մի քանի ակցիա է մեկնարկել՝ տարբեր պահանջներով: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

Խորհրդարանի շենքի դիմաց  ԼԳԲՏ համայքի դեմ բողոքով են հավաքվել, մասնակիցները դեմ են «Հպարտության երթին»:

Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Ազատության հրապարակում, հավաքվել են ՆԳ նախարար Գախարիայի հրաժարականի պահանջով: 3 շաբաթ նրանք խորհրդարանի մոտ էին ակցիաներ անում, սակայն առավոտյան նրանց տեղը զբաղեցրել են «Ավանդույթների համար պայքարողները»:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ուժեր է մոբիլիզացրել՝ բախումներից խուսափելու նպատակով: Երկու ակցիաների մասնակիցների միջև ոստիկանական պատ է կանգնած:

Երրորդ ակցիան ընթանում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դիմաց: Պատճառը կիրակի երեկոյան հեռուստաընկերության հայտնի հաղորդման շրջանակներում լրագրող Գեորգի Գաբունիայի հայհոյախառն կոչն է՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հավաքված քաղաքացիները պահանջում են, որ Գաբունիան ու հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիան ներողություն խնդրեն:

Անսպասելի մեկնարկեց նաև 4-րդ՝ ԼԳԲՏ անձանց պաշտպանության ակցիան, որն ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել կազմակերպիչների կողմից: Ակցիայի մասնակիցները «Ոչ հոմոֆոբիային», «Պետություն, ո՞ւր ես» պաստառներով ու ԼԳԲՏ դրոշներով կանգնել են Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, հնչեցրել իրենց պահանջերն ու հեռացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ