ՀՀ պաշտպանության նախարարությունն Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար, ինչպես նաև սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց համար հանվում է մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումը:
ՊՆ-ն հայտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է, քանի որ ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց են տվել, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա:
Նախագծի ընդունմամբ կապահովվի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը և իրականացումը, կբացառվի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:
Նախագիծը հարթակում է մինչև հունիսի 22-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը