Սևանի ավազանում ջրի մակարդակը 45-54 սմ տատանում է ունենում տարվա ընթացքում՝ ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձր մակարդակը։ Նույն իրավիճակը շարունակվում է այս տարի: Այս մասին հունիսի 12-ին խորհրդարանում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Ըստ նրա` այսօր Սևանի ջրի մակարդակը, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ, 1 սմ-ով ավելի ցածր է: Թեև նախորդ օրերին այն հավասար էր նախորդ տարվա ցուցանիշներին, բայց այժմ նվազել է։
Անդրադառնալով ամառային սեզոնին հնարավոր ջրառի հարցին` նախարարը նշեց, որ, հաշվի առնելով ջրամբարների լցվածությունը և այլ խնդիրներ, իր կարծիքով, այս տարի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։ Գրիգորյանի խոսքով՝ իրենք անգամ առաջարկել են, որ 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն, որն օրենքով սահմանված շեմն է, վերցվի 135 միլիոն խորանարդ մետր ջուր։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախարարից հետաքրքրվեց Ամուլսարի ճակատագրից։
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեն ստացել է, որը քրեական գործի շրջանակներում փաստացի ապացույցներ ձեռք բերելու գործընթացի մի մաս է կազմում։
«Եզրակացությունից հետո Քննչական կոմիտեն կտա նաև տեղեկատվություն եզրակացության հիման վրա, և եթե եզրակացությունը կլինի բացասական և կնշվի, որ առկա վտանգները կազմակերպության գործունեության հետ անհամատեղելի են՝ ջրային ռեսուրսների հետ կապված, ապա ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կսկսի, որպեսզի աշխատանքները դադարեցվեն»,-ասաց նա։
Գրիգորյանը նշեց, որ եզրակացությունը մայիսի վերջին է ներկայացվել, որը հանրությանը կներկայացվի հունիսի վերջին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը