24 05 2019

Փոփոխություններ՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում

Փոփոխություններ՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 24-ին նիստում որոշում է ընդունել, որով նախատեսվում են մի շարք փոփոխություններ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում: Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

Նշված փոփոխություններն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ավելացվեցին մատակարարի կողմից բաժանորդին վճարվող տույժերը: Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված պահանջների խախտման դեպքում բաժանորդին կվճարվի տույժ վերջինիս ծախսած բնական գազի միջին արժեքի 30 տոկոսի (ներկայիս 20 տոկոսի) չափով, բայց ոչ ավելի քան 2500 (ներկայիս 2000) դրամը.

Սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով մատակարարին պարտավորեցվեց վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին գազամատակարարման վթարային ընդհատման և վերականգնման կանխատեսվող ժամկետի մասին.

Երկարաձգվեց առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման ժամկետը՝ գործող 3-օրյա ժամկետը փոխարինելով 6-օրյա ժամկետով, ինչը հնարավորություն կտա օպտիմալացնել մատակարար ընկերության ծախսերը.

Բարելավվեց գազիֆիկացված բնակավայրում գտնվող և մինչև 100 խմ ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում բաժանորդների կողմից վճարված միացման վճարի փոխհատուցման կարգը: Նախկինում բաժանորդների կողմից վճարված միացման վճարի փոխհատուցման գումարը, որոշ դեպքերում կազմում էր բացասական մեծություն և չէր նվազեցվում բաժանորդների կողմից սպառված բնական գազի ծախսից: Փոփոխությունների արդյունքում յուրաքանչյուր սպառողական խմբի համար մատակարարված բնական գազի արժեքից նվազեցվող գումարի տոկոսային մեծության 5 տոկոսից ցածր լինելու դեպքում կընդունվի հավասար 5 տոկոսի:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 1-ից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ