13 05 2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան դատարանի դիմաց. ՈՒՂԻՂ



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ցույց են իրականացնում։ Նրանք եկել են իրենց աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին հայտնելու և արդատ դատաքննություն պահանջելու։ Գրում է News.am-ը:

Նշենք, որ այսօր ժամը 14-ին, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիս

Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս նախկին պաշտոնյաներին, վերաբերվում է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածին, ավելի կոնկրետ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքին։ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է նախորդ տարվա հուլիսի 3-ին։

Այս գործով ներկայումս կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։

Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Նախկինում նման որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ