Կենդանաբանական այգում բողոքի ակցիա է. պահանջում են տնօրենի հրաժարկանը
Երևանի կենդանաբանական այգու ներսում 2019 թվականի տարեշրջանի բացմանը զուգահեռ այգու դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Ցուցարարները պահանջում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։
Ցուցարարների թվում են նաև այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերներ, որոնք պնդում են, որ կենդանիների խնամքի, նրանց հանդեպ վերաբերմունքի և հսկողության հետ կապված խնդիրներ կան, և շատ հարցերում մասնագետների կարծիքները լսելի չեն այգու ղեկավարների կողմից։
Նշենք, որ վերջին շրջանում շատ են դարձել կենդանիների մահացության դեպքերը:
Ակցիայից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատրյանն ասաց, որ այս ակցիաներն ուղղորդվում են ինչ-որ շահառու անձանց կողմից՝ ակնարկելով, որ այդ անձանց պետք է փնտրել տարբեր էկզոտարիումների ղեկավարների շրջանում, ինչպես նաև, որ ակցիայի մասնակիցների մի մասն անձինք են, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռացվել են այգու աշխատակազմից։
Սակայն, ցուցարարները հերքեցին, թե ինչ-որ մեկի կողմից ուղղորդված է իրենց հավաքը։
Կենդանաբանական այգու տնօրենն ընդգծեց, որ տեղի ունեցող իրավական գործընթացները բազում հարցերի պատասխաններ կտան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը