29 04 2019

Արամ Մանուկյանը ականդալային գրառումներից հետո աշխատանքի չի գնացել

Արամ Մանուկյանը ականդալային գրառումներից հետո աշխատանքի չի գնացել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, նախկին ակտիվիստ Արամ Մանուկյանը, ով նախօրեին հերթական սկանդալի մեջ էր հայտնվել, այսօր չի ներկայացել աշխատանքի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։ Թե որն է աշխատանքի չներկայանալու պատճառը, թաղապետարանից չհայտնեցին։

Նշենք, որ երեկ երեկոյան փոխթաղապետը մի շարք գրառումներ էր կատարել՝ թիրախավորելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին։

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Դավիթ Սանասարյանի գործով տեսանյութ է ներկայացրել վարչապետ Փաշինյանին,  գրել էր. «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, բա էդ պահին բռնեիք։ Հիմար կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են: Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։

Մեկ այլ գրառման մեջ Մանուկյանն անդրադարձել էր համացանցում բուռն քննարկման առարկա դարձած ՊՎԾ պետի պաշտոնակատարի այն հայտարարությանը, թե իր  դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին։

«ՊՎԾ-ի քեռու գանձը չգիտեմ ում նշանակումն ա, բայց եթե դրա նման լպրծուններին պահում եք՝ չփորձեք հանկարծ օրենքից խոսալ»,-գրել էր նա։

Իսկ մեկ այլ գրառման մեջ նա «սպառնացել էր» աշխատանքի չգնալ.

«Էլի ասեմ, չխառնեք հանկարծ)), կարամ էլ չաշխատեմ տեղակալ, չեմ նեղվի դրանից»։

NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաև Մանուկյանի հետ, սակայն նրա հեռախոսն անջատված էր։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հայտնվել էր քննադատությունների թիրախում նաև ամիսներ առաջ, երբ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ իր ղեկավարին՝ Աջափնյակի թաղապետին անվանելով անթասիբ ու անինքնասեր։ Ավելի ուշ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ իր հեռախոսը գողացել էին ու իր անունից նմանատիպ գրառումներ կատարել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ