09 04 2019

Ծառայողական մեքենաները շարունակում են «զարդարել» պաշտոնյաներին

Ծառայողական մեքենաները շարունակում են «զարդարել» պաշտոնյաներին

Aysor.am-ը գրում է

«Շուրջ 1 տարի առաջ՝ մայիսի 17-ի կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գույքագրել ծառայողական ավտոմեքենաները և դրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր իրականացնել:

Վարչապետի հանձնարարականից ավելի քան 9 ամիս անց՝ 2019 թ.-ին փետրվարի 15-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ կառավարության աշխատակազմից զատ, ծառայողական մեքենաները կկրճատվեն նաև մյուս պետական գերատեսչություններում:

Նրա խոսքով՝ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարություն է տրվել արդեն կառավարությանը ենթակա մարմիններին, իսկ կառավարությանը ոչ ենթակա մարմիններին այդ մասին առաջարկություն է ուղարկվել:

Նախքան այս էլ՝ հունվարի 25-ին, Էդուարդ Աղաջանյանն իր Facebook-յան էջում գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Նա նշել էր, թե փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն երկու փոխվարչապետերը և ԱԽ քարտուղարը:

«Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։ Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի», - նշել էր նա։

Թեև վարչապետի հանձնարարականից շուրջ մեկ տարի է անցել, իսկ նրա աշխատակազմի ղեկավարի հայտարարությունից՝ ավելի քան 3 ամսից ավելի, սակայն Аysor.am-ի տեղեկություններով՝ էական կրճատումներ մինչ այս պահը չեն իրականացվել:

Մի շարք փոխնախարարներ ու վարչության պետեր նախկինի պես շարունակում են շրջել ծառայողական մեքենաներով:

Ուշագրավ է, որ հակառակ խոստմանը, ծառայողական մեքենան մինչ օրս շարունակում է շահագործել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա ևս շրջում է պետական մեքենայով:

Aysor.am-ն օրեր առաջ հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով հայտնել կրճատված մեքենաների թիվն ու պատասխանել հարցին՝ արդյոք կան փոխնախարարներ և այլ պաշտոնյաներ, որոնք մինչ օրս շահագործում են ծառայողական մեքենաները:

Այսօր ստացանք ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի մակագրությամբ գրություն, որում նշված է, թե «ծառայողական մեքենաների կրճատման գործընթացը գտնվում է իրականացման փուլում: Եվ գործընթացի ավարտից հետո կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»:

Այս ոչինչ չասող պատասխանը հուշում է, որ կամ կառավարության աշխատակազմը պատշաճ չի կատարում վարչապետի հանձնարարականը, քանի որ շուրջ մեկ տարին ավելի քան բավարար էր հարցին վերջնական լուծում տալու համար, կամ էլ ծառայողական մեքենաների կրճատման մասին հայտարարությունները ուղղակի PR-ի մասին էին, ոչ ավելին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ