Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելը պարտադիր է, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ տուգանքի չափով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն: Մասնավորապես, այն իր մեջ ներառում է մի քանի իրավախախտում (առանց համարանիշերի, առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց հաշվառման վկայագրի վարելը), և նույնիսկ բոլոր իրավախախտումները միաժամանակ քննելու դեպքում կառաջացնի տուգանք՝ 100.000 դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին` կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և տրանսպորտային միջոցը վարել միայն ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը