Կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սոցցանցերը հեղեղված են տեղեկատվությամբ, որ ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Շուկայի վերահսկողական տեսչության մարմնի ղեկավարն ասաց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել. «Խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7,1, իսկ վերջին 3-4 օրվա ընթացքում «Հայռուսգազարդին» գազի միջին խտությունը գալիս է 7,9-ով: Այսինքն աճել է, հետևաբար, տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել: Հետևաբար, մեր սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել»:
Վարչապետը հարց ուղղեց ՊԵԿ նախագահին, թե՝ արդյո՞ք սա կարող է կապ ունենալ գազալցակայաններում ստվերի կրճատմանն ուղղված քայլերով՝ գազալցակայանների տերերը այսպիսով փորձում են այսպիսի պրովոկատիվ գործողություններով դժգոհություն հարուցել։ Դավիթ Անանյանն ասաց, որ տեսականորեն դա հնարավոր է։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որևէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է․ «Այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, որոնք մտածում են, թե իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ուզում եմ վերջին անգամ զգուշացնել, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ՝ շատ դաժան հարված կստանան անձնապես, բոլորն առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը կառավարության հարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում, շատ հասցեական եմ ասում»:
Նա հանձնարարեց պատկան մարմիններին շատ արագ արձագանքել, գտնել ու խիստ պատժի ենթարկել այն տնտեսվարողներին, որոնք այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը