Հայաստանում տեսչական մարմինների թիվը 21-ից հասցվել է 6-ի։ Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը։
Նրա խոսքով՝ տեսչական մարմինների կրճատումը ոլորտում դեռևս 2009-ին սկսված բարեփոխումների արդյունքն է։ «Օպտիմալացումը, որի արդյունքում կրճատվել են և՛ տեսչական մարմինները, և՛ աշխատակիցների թիվը, բարեփոխման փուլերից մեկն է։ Իրականացվող բարեփոխումների արդյունավետության ամբողջական գնահատման համար հարկավոր է համալիր վերլուծություն, բայց համոզվածությամբ կարելի է ասել, որ օպտիմալացման նպատակը քիչ ծախսերով անհրաժեշտ աշխատանքների կատարումն է։ Վերափոխումներն, անշուշտ, ուղղված են երեք սուբյեկտների արդյունավետության բարձրացմանը՝ պետական ապարատ, սպառող և բիզնես»,- ասել է նա։
Ըստ նրա՝ այս տարի կիրականացվեն տեսչական մարմինների աշխատանքի գնահատման մեխանիզմների ներդրման աշխատանքներ, ինչպես նաև կմշակվեն իրավական ակտեր, որոնք անհրաժեշտ են ոլորտի առողջացման համար։ Բիզնեսի համար կգործեն այնպիսի նորմեր, որոնք նրան որոշակի առավելություններ կտան նախկինի համեմատ։
Հայկ Այվազյանը հավելել է, որ բարեփոխումների գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ձգտումն է։ «Եթե ստուգումը տեսչական մարմնի համար ինքնանպատակ է, ապա դա արդեն կոռուպցիոն ռիսկ է պարունակում»,- ամփոփել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը