12 03 2019

Մինչև դեկտեմբերի 31-ը գնված աջ ղեկով մեքենաները կներմուծվեն Հայաստան



ՀՀ  ԱԺ  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  մարտի 12-ի  արտահերթ նիստում  Բաբկեն  Թունյանի նախագահությամբ  քննարկել է     «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցը:  Ինչպես նշել է հիմնական զեկուցող, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը,   փոփոխությունն արժանացել է կառավարության հավանությանը: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես  այն մեքենաները, որոնց  ձեռք բերման համար  վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը,  երկրի տարածք ներմուծել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:  Արդեն կա նաև մեքենաների թվաբանական պատկերը՝ շուրջ 840:

Ինչպես իր խոսքում փաստել է հանձնաժողովի նախագահը կառավարությունն այս քայլով ընդառաջ է գնում ստեղծված իրավիճակին՝  հույս հայտնելով, որ  ապագայում  չեն լինի անտեղյակ մարդիկ, ովքեր կփորձեն ներկրել նմանատիպ մեքենաներ:    Նախագիծը ստացել  է դրական եզրակացություն և ընդգրկվել  ՀՀ ԱԺ մարտի 13-ի արտահերթ նիստի օրակարգում:

Հանձնաժողովը հաջորդիվ քննարկել է   փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու,  աշխատակարգը և աշխատանքային խմբի քարտուղարության անհատական կազմը հաստատելու մասին  հարցերը:

Բաբկեն Թունյանը նշել է, որ   խմբում կարող է լինել մինչև   15 կազմակերպություն  ՓՄՁ հատվածից՝ հավելելով, որ  այս պահին արդեն դիմել է  6  ընկերություն:   Ըստ աշխատակարգի՝ ներկայացուցիչների թիվը չպետք է   գերազանցի հանձնաժողովականների թվին: Աշխատանքային խմբի  ստեղծման նպատակն է   ամրապնդել երկխոսությունը  պատգամավորների եւ ՓՄՁ-ների միջեւ:  Հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակը ծառայելու է ոլորտի խնդիրների համակողմանի քննարկմանն ու վերհանմանը, ինչպես նաեւ  օրենսդրական  կարգավորումների իրականացմանը:

Հանձնաժողովականները   կողմ են քվեարկել նաև  խորհրդարան-ՓՄՁ  աշխատանքային խմբի ստեղծման միասնական փաթեթին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ