12  02  2019

Ֆաշիստական ռեժիմին բնորոշ դրսևորումներ են նկատվում

Ֆաշիստական ռեժիմին բնորոշ դրսևորումներ են նկատվում

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվելու ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակում ունեցած ելույթում չափազանց անհաջող համեմատություն արեց: Գերմանիայի իսկապես լեգենդար կանցլերի անունը կրող հիմնադրամի կենտրոնակայանում իր ելույթը Հայաստանի «հեղափոխական» վարչապետը կարևոր և խորհրդանշական իրադարձություն անվանեց, ինչից հետո ասաց. «Խորհրդանշական, քանի որ ինչպես և յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում...»:

Յոթ տասնամյակ առաջ Գերմանիան մնացել էր հիտլերյան «Երրորդ Ռեյխի» ավերակների տակ: Փաշինյանի արտահայտության մեսսիջը պարզ է: Ուզում է ասել, թե՝ Հայաստանում մի 30 տարի ֆաշիստական ռեժիմ էր, և միայն հիմա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում:

Արմատապես սխալ և անընդունելի այդ արտահայտությունը, իհարկե, չվրիպեց Նիկոլ Փաշինյանի քննադատների ուշադրությունից: Ու հակադարձ որակումների պակաս էլ չզգացվեց: Սակայն կարևորն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը լեզվի վրիպում չէր, մտքի սայթաքում չէր: Դա շատ որոշակի գաղափարական և քարոզչական գիծ է, որը հետևողականորեն իրագործվում է իշխանության եկած անձի և նրա թիմակիցների կողմից: Առանցքային ձևակերպումն այն է, թե Հայաստանում վերջին 20-30 տարիներին եղել է բացարձակ բռնատիրություն և անազատություն, և միայն հիմա՝ «թավշյա հեղափոխության» և անձնապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ երկրում հաստատվել է ժողովրդավարություն, սկսվել են ժողովրդավարական վերափոխումներ, իրողություններ են փոխվել, բոլորը երջանիկ են, ուրախ, ազատ:

Սա իսկական առասպել է: Ու երբ շատ են սկսում հենվել առասպելների վրա, ուրեմն պարտակելու շատ բան կա: Չնայած, պետք է ընդունել, որ վերփոխումներ և փոխված իրողություններ իսկապես կան:

Փոխված իրողություններ

  • «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, 44 օր հացադուլ անելուց հետո, 2019թ. հունվարի 26-ի առավոտյան մահացավ կալանավոր Մհեր Եղիազարյանը, ում դեմ ներկայացված մեղադրանքով գործը նախաքննության փուլում էր: Այս դեպքում բացարձակապես անկարեևոր է, թե ինչի մեջ էր մեղադրվում կալանավորված անձը: Դժվարությամբ, սակայն կարելի է շրջանցել նաև այն, որ կալանավորված անձնավորությունը «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատուն էր: Բայց կա մի իրողություն, փոխվա՛ծ իրողություն, որ ոչ մի դեպքում չի կարելի շրջանցել. Հայաստանում անազատության մեջ պահվող կալանավորը մահանում է հացադուլի հետևանքով: Սա հենց փոխված իրողություն է, որովհետև, որպես այդպիսին աննախադեպ է:
  • Դեկտեմբերի 31-ին կամ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը: Ավելի քան 1 ամիս Պաշտպանության նախարարությունն ու այլ պատկան մարմինները (ՀՀ ՔԿ), ընդհանրապես իշխանությունները որևէ տեղեկություն այդ մասին չեն հաղորդել: Ոչ մի բան: Միայն նրանից հետո, երբ դեպքի մասին հայտնի դարձավ, աղմուկ բարձրացավ և սկսեց ծավալվել կայքերում և «Ֆեյսբուքում», իշխանությունների ներկայացուցիչներն ինչ-որ բաներ փորձեցին ասել:
  • Սոցցանցում գրառման համար օգտատեր է կանչվում ոստիկանություն, ցանցային լրատվամիջոցի պատասխանատու է կանչվում ԱԱԾ, հրապարակային գործունեության համար մեկ ուրիշ օգտատեր է հայտնվում իրավապահ և քննչական մարմինների հետևողական ուշադրության տակ: Այս փոխված իրողությունները կյանքի ուղեգիր են ստանում լրատվամիջոցի խմբագրության խուզարկման, համակարգիչների բռնագրավման, այլ լրատվամիջոցների դեմ նպատակային ու թիրախավորված սոցցանցային արշավանքների, իշխող ուժի՝ խորհրդարանի շենքում փակ կուսակցական ժողովի ֆոնի վրա:

Ցանկության դեպքում կարելի է այլ օրինակներ էլ բերել: Կարելի է հիշատակել խայտառակ գաղտնալսումների իրողությունը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի հնարավորության խափանումը՝ իշխանության ներկայացուցիչների անմիջական ներգրավմամբ ու մասնակցությամբ:

Սա՝ դեռ միայն ներքին քաղաքական, մեդիա և հասարակական անցուդարձի հետ կապված: Դեռ տնտեսական, ֆինանսա-բանկային, վարչական, դատաիրավական և այդ կարգի ուրիշ իրողություններ միտումնավոր շրջանցված են: Բայց դրանք ևս լրացնում են այն ընդհանուր պատկերացումը, թե ինչ է կատարվում իրականում:

Իսկ իրականում ֆաշիստական ռեժիմին բնորոշ դրսևորումներ նկատվում են հենց այս՝ ձևով ժողովրդական, իսկ ավելի ճիշտ՝ ամբոխվարական, բովանդակությամբ՝ անձնակենտրոն և միապետական կառավարության օրոք: Եթե այդքանն արդեն դրսևորվել է հազիվ մի քանի ամսվա ընթացքում, ապա նման իշխանության հետագա գործունեությունը խոստանում է երազների իրականացում:

Մղձավանջն էլ է երազի տեսակ:

 

Գալուստ Գրիգորյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ