11 02 2019

Բիզնես հիմնելու համար գործարարներին որոշակի երաշխիքներ են անհրաժեշտ. Հայկ Չոբանյան

Բիզնես հիմնելու համար գործարարներին որոշակի երաշխիքներ են անհրաժեշտ. Հայկ Չոբանյան

Սահմանամերձ գյուղերի հարկային արտոնությունները լուրջ խթան են տնտեսական ակտիվության համար։ Այս մասին փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Պետք է արձանագրել, որ սա դեռևս չի ռեալիզացվել Հայաստանում։ Կան մի քանի դեպքեր, ի դեպ, հաջողված։ Մենք պետք է շատ խոսենք այդ հաջողված դեպքերի, հարկային արտոնությունների մասին, ինչպես նաև գործարարներին այդ արտոնությունների ընձեռած հնարավորությունների մասին»,-ասաց Չոբանյանը՝ ընդգծելով, որ մարզում կան հսկայական հնարավորություններ ներդրումներ կատարելու համար. «գյուղմթերքի վերամշակումը պետք է լինի այն հիմնական ուղղությունը: Բացի այդ, սահմանամերձ գոտիներում բիզնես հիմնելու համար գործարարներին անհրաժեշտ են նաև որոշակի երաշխիքներ: Հանրապետության տարածքում ամենաշատ հարկային արտոնություններ ունեցող բնակավայրերը հենց Տավուշի մարզում են գտնվում: Տավուշն ունի երկու առավելություն, առաջինը՝ հարկային արտոնություններն են, որոնք տրվում են ցանկացած արտադրության համար, երկրորդ՝ այն մոտ է Վրաստանի սահմանին. մենք պետք է դիտարկենք նաև արտահանման հնարավորությունները»,-հայտարարեց մարզպետը:

Մարզպետը նաև ընդգծեց, որ սահմանամերձ գոտիներում բիզնես հիմնելու համար գործարարներին անհրաժեշտ են նաև որոշակի երաշխիքներ. «Համոզված եմ, որ առաջիկայում մենք հատուկ մարկետինգային գործունեություն կծավալենք այս առումով, ներդրումային ֆորումների ժամանակ էլ կհրավիրենք գործարարներին»։

Մարզի բյուջեին և ֆինանսական միջոցներին անդրադառնալով` Տավուշի մարզի ղեկավարը նշեց, որ իր համար կարևոր են ռեսուրսների կոնսոլիդացիան՝ պետական, մասնավոր, հանրային, միջազգային, ինչի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ