Երևանը պետք է մաքրել էլեկտրական լարերի և գազի խողովակների սարդոստայնից։ Այս մասին հունվարի 24-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց այդ ընթացքում կատարված աշխատանքին, ինչպես նաև առաջիկայում սպասվող ծրագրերին: Նրա խոսքով՝ քաղաքաշինության ոլորտի 4200 գործ է վերանայվել, համաձայնեցվել է 300 նախագիծ, տրամադրվել է 170 շինթույլտվություն, 20 քանդման թույտվություն։ Գլխավոր ճարտարապետի խոսքով, իրենք ցանկանում են սկսել մետրոպոլիտենի նոր կայարանների շինարարության ծրագիրը, խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է։
Ստրատեգիական հաջորդ ծրագիրը ճոպանողուն է վերաբերում, որը Կենտրոնը կկապի Նոր Նորքի հետ։ Այս ծրագիրն ավելի արագ կստացվի իրագործել, քանի որ Մետրոպոլիտենի համեմատ ավելի համեստ միջոցներ են պետք։
«Խնդիրները շատ են, ծրագրերը շատ-շատ են, դրանք ռեալ են։ Կարծում եմ, որ մեզ կօգնի քաղաքաշինության նախարարությունը, կառավարությունը»,-նշեց նա։
Անդրադառնալով Օպերայի հարակից երկրորդ գոտու կանաչապատմանն ու սրճարաններից ազատելուն, Մեսչյանը նկատեց, սխալ մեկնաբանություններ կան, դա հասարակության պահանջն է եղել, ոչ թե իր կամ քաղաքապետի ծրագիրն է։
«Զարմանալի է, որ շատ մարդիկ փոխարեն ուրախանան այս ծրագրով, տարօրինակ մեկնաբանություններ են անում։ Ինձ համար դա անհասկանալի է, հատկապես, որ բիզնեսն էլ շատ չի տուժելու»,-ասաց նա՝ ավելացնելով, որ սրճարանների՝ մայթերին եղած հատվածները պետք է ազատվեն։
Մեսչյանը հայտնեց, որ վերջապես լուծվել է Արամի 23-ի հարցը:
«Այսօր պայմանագիր է ստորագրվելու տարածքի իրացնողի և մշակույթի նախարարության միջև, որով կառուցապատողը 14 միլիոն դրամ գումար է տալիս իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցցին, և նա պետք է պատրաստի այդ կառույցի վերականգնման նախագիծը։ Կարծում եմ, որ բոլոր կողմերը պետք է հանգիստ լինեն», - ասաց Արթուր Մեսչյանը։
Արթուր Մեսչյանը անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետի կողմից տարեվերջին տրված պարգևավճարներին:
«Ստույգ չգիտեմ, թե որքան են ինձ անձամբ փոխանցել որպես պարգևավճար, բայց գիտեմ, թե ինչ եմ արել այդ գումարը։ Ծախսել եմ բարեգործական նպատակներով, բայց չեմ մանրամասնի, թե որտեղ և ինչպես։ Այդ միջոցներն ինչպես եկել են, այդպես էլ գնացել են», – ասաց Մեսչյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը