ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նախօրեին Փաշինյանը Ցյուրիխում հանդես եկավ հերթական ելութով, որն առաջին հայացքից ականջահաճո է, իրականում` հակասական։ Փաստորեն, ըստ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցին ժողովրդավարության նվաճումները Հայաստանում։ Երևի մոռացել է՝ ինչպես էր «ասֆալտին փռում» այլակարծություն ունեցողներին։ Արդյունքում Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա։
ԱԺ նախագահի 131 ձայնով (միաձայն) ընտրությունը դրա վառ վկայությունն է։
Փաշինյանը խոսում է իր կառավարության լեգիտիմության և հանրային աջակցության մասին։
Նախ, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ են օրինակներն ավելի մեծ աջակցություն ունեցող կառավարությունների, որոնք կարճ ժամանակում մսխել են այն։ Փաշինյանի իշխանությունն այդ ճանապարհով է շարժվում։ Խոսում է սպասվող «տնտեսական հեղափոխության» մասին։ Եթե Հանրապետական կառավարությունը փոխանցել է նրան գրեթե 10% տնտեսական աճով երկիր, ապա 2019-ին ակնկալվում է ընդամենը 4.9% տնտեսական աճ։ Ինչպե՞ս կարելի է տնտեսական հեղափոխության հասնել, երբ տնտեսությունը գահավիժում է։
Արդյունքում, մենք հերթական անգամ գործ ունենք ոչ թե լուրջ ծրագրային ելույթի, այլ ընդամենը բարի ցանկությունների կամ բաժակաճառի հետ։
Ամենևին հակված չեմ պնդելու, թե Փաշինյանը չի ցանկանում տնտեսության զարգացում։
Բայց ցանկանալը մի բան է, կարողանալը` լրիվ ուրիշ»։
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեխնիկական սարքավորման լուսանկար և գրել․ «Սրանք սնուցման բլոկներ են՝ հեռախոսի, նոթբուքի, լեդ լույսերի։ Մի քանի օրից սրանցից պետք է մաքսազերծեմ։ Պարզվում է, որ սրանց համար պետք է դիմեմ ռազմական փորձաքննության՝ եզրակացություն ստանալու համար, որ սրանք ռազմական նշանակություն չունեն, այսինքն մասսայական ոչնչացման զենք չեն։
Մի պահ ուղղակի գրվում էր՝ քաղաքացիական նշանակության և վերջ, հիմա բրոքերը հայտնեց, որ նորից պահանջում են տալ փորձաքննության։ 2 օրում պատասխան ստանալու համար, պետք է վճարեմ 48.000 դրամ ամեն ԱՏԳ կոդի համար։ Ու սա ամեն անգամ ներկրում անելիս, ու սա առանց ապրանքը նույնիսկ զննելու, ու սա այն դեպքում, երբ նույնիսկ երեխայի ծիծաղը կգա։
Խնդրում եմ ՊԵԿ-ից պարզաբանում՝ առանց ԵԱՏՄ-ն մեջբերելու, քանի որ ԵԱՏՄ-ն չէ, որ մեզ այս ճահճից պետք է հանի։ Խմբագրված՝ Քիչ առաջ խոսեցի Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոնի(NPC) ներկայացուցչի հետ(ռազմականի տեղեկանքը նրանք են տալիս), ով հավաստիացրեց որ նման ցածր հզորության սարքերի համար տրվում է միայն տեղեկանք, որի արժեքն է 3000 դրամ:
Ամեն դեպքում սրանով խնդիրը չի վերանում, և կարծում եմ, որ միևնույնն է, նման տեղեկանքի պահանջը նույնպես անընդունելի է: Խմբագրված N2 Սակայն պարզվեց, որ Օգոստոս ամսին իմ մաքսազերծած ցածր հզորության սարքը սխալմամբ թե պատահմամբ գնացել էր ռազմական փորձագիտության, ինչի համար 12.000 վճարել եմ 5 օրում պատասխան ստանալու համար»:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է․ «Եվ հետայսու թող «Իմ քայլի» բոլոր պաշտոնյաները, ղեկավարությունը և ներկայացուցիչները, երբ որևէ բան՝ պարգևավճար, թե ինչ, մեկնաբանեն «օրենքով արգելված չէ» եզրույթով, միշտ հիշեն, որ իրենց ցանկացած քայլ պետք է համապատասխանի նաև դաշինքի հռչակած կարգախոսի տրամաբանությանը՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Քանի դեռ հասարակությանդ զգալի մասն աղքատ է, երկրում սոված ու թերսնված երեխաներ կան, անհետաձգելի կամ պահանջվող բուժման կարոտ հիվանդներ կան, բազում մարդկանց աշխատավարձը միջինից ցածր է, բազում մարդիկ էլ իսպառ աշխատանք չունեն ու այսպես շարունակ, մարզպետով-տեղակալով, նախարարով-պատգամավորով, որ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ են ստանում, տրտնջալու իրավունք չունեն: Այդ պաշտոններում աշխատելիս ոչ մեկ ազգին մեծահոգություն չի անում, որ ազգն էլ խրախուսի, իրեն երջանիկ զգա, որ պաշտոնյաներն ինքզինք խրախուսում են:
Ոչ թե հանրությունը պետք է հոգատար լինի պաշտոնյաների նկատմամբ, այլ հակառակը: Թող հիշեն նաև, որ չկոռումպացված լինելը պարտականություն ու օրենքի պահանջ է, ու այդպիսին լինելը հավելյալ, օրինակ՝ ինքն իրեն կամ մտերիմներին պարգևատրելու իրավունքներ չի ստեղծում: Որևէ ծախսային մասում խնայողություն անելը չի նշանակում, թե խնայված գումարների հաշվին իրավունք ունեն թանկ իր կամ ծառայություն գնել կամ ինքզինք պարգևատրել: Ամենակարևորը, մինչև վերոնշյալ ծանր խնդիրների լուծումը բոլորը պետք է ապրեն ու աշխատենք համեստ, անտրտունջ՝ ստեղծելու համար «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Օրենքները միգուցե չեն արգելում շատ բան, բայց սեփական խոստումը, ծրագրերն ու կարգախոսը ահագին բան արգելում են ու դեռ արգելելու են:
Թե բա՝ անհարկի աղմուկ էր. աղմուկ էր հռչակված կարգախոսից շեղումը զգալու ու նկատելու պատճառով...»։
Քաղաքագետ Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հիմա էլ սկսել են բարբաջել, թե, բա, Մարտի 1-ի ֆիլմը միակողմանի ու սուբյեկտիզմով հարուստ է: Բա, սովոր էիք 10 տարի սուբյեկտիվ ու միակողմանի կարծիք լսելուն:
Մոռացել եք երևի՝ անցած 10 տարիների ընթացքում ինչքան էին կեղծ աճեցրած ընդդիմադիրներ, արևմտամետ վերլուծաբաններ ուղղորդված կերպով ողողում մամուլն ու սոցիալական ցանցը Մարտի 1-ի խեղաթյուրված դրվագներով ու փաստերով:
Ու դեռ ամոթի զգացողությունը չկորցրած խոսում են միակողմանիության մասին:
Ֆիլմում հետաքրքիր ու փաստարկված դրվագներ կան, որոնց մասին պետք է խոսվի ու դառնա քննարկման թեմա: Դրվագները փաստարկված են, և ակներև է Նիկոլի ու Լևոնի մեղավորությունը:
Լրջացե՛ք, տիկնա՛յք ու պարոնա՛յք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը