21 01 2019

Մեկ կետի տակ դնել ծխախոտը և նարգիլեն՝ անընդունելի է. նարգիլեի բիզնեսով զբաղվողներ



Նարգիլեի գծով շահագրգիռ կողմ Հայաստանում հանդիսանում ենք միայն մենք, մեզ հետ որևէ մեկն այս օրենքի նախագիծը չի քննարկել, մենք ընդամենը ծանոթացել ենք այս նախագծին, մինչդեռ Առողջապահության նախարարությունում մեզ ասացին, որ նախագծի մշակման ընթացքում հանդիպել են նարգիլեի շահագրգիռ կողմերի հետ, լսել նախագծի դրական և բացասական կողմերը։ Այս մասին հունվարի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծ  դեմ պայքարող Գոռ Գասպարյանը նշեց, որ մշակված օրինագիծն ունի բազմաթիվ թերություններ, և իրենք փորձել են Առողջապահության նախարարությունում համապատասխան մասնագետներին ներկայացնել իրենց դիտարկումները։

«Մեզ  նախարարությունից ասացին, որպես շահագրգիռ կողմ,  գրավոր ներկայացնենք մեր առաջարկությունները, որից հետո  կրկին կանցկացվեն հանրային քննարկումներ, ինչը լսելուց հետո էլ մենք հավատացինք և հեռացանք նախարարության շենքից։ Սակայն նույն օրը երեկոյան, առողջապահության նախարարի տեղակալը հեռուստատեսությամբ ասաց, որ այդ հարցով հանրային քննարկումներ են անցկացվել, շահագրգիռ կողմը ներկա է եղել և ասել, որ ներկայացվող նախագիծը թերությունները չունի, ինչից հետո մենք հասկացանք, որ Առողջապահության նախարարության  հետ բանակցությունների գնալն անիմաստ է»,- ասել է Գոռ Գասպարյանը՝ ավելացնելով, որ դրանից հետո որոշել են պայքարել, սակայն այս անգամ արդեն առանց Առողջապահության նախարարության կարծիքի։

Նա նաև նշել է, որ իրենց բանակցությունների չեն կանչում, հասկանալու համար, թե այդ օրենքի նախագիծը որքանով է վնասելու զբոսաշրջությանը և տուրիզմին։ «Մեկ կետի տակ դնել ծխախոտը և նարգիլեն՝ անընդունելի է։ Ծխախոտը մեր ոլորտը չէ, իսկ այն օրենքի նախագիծը, որը ներկայացված է, մեկ կետի տակ է դրել  ծխախոտն ու նարգիլեն»,- ասել է Գոռ Գասպարյանը։

Նարգիլեի բիզնեսով զբաղվող Ժորա Փանոսյանն էլ վստահեցնում է՝ Առողջապահության նախարարության ներկայացրած նախագիծը, եթե Ազգային ժողովում հաստատվի այն տեսքով, որով այժմ կա, կբերի 1000-ից ավելի աշխատատեղերի կրճատման, այդ քանակով պետբյուջե հարկային մուտքերը կպակասեն, ինչին կավելանա նաև այն վնասը, որը կհասցվի ոլորտում ներդրումներ անողներին։

Տիգրան Ասրյանն էլ խոսել է նարգիլեի և զբոսաշրջության կապի մասին։  «Հայաստանում 2018 թվականին մոտավորապես 686 հազար զբոսաշրջիկ է եկել Հայաստան, որից 500 հազարը եղել է ռուս, և մենք շատ լավ գիտենք, որ բացի մշակույթի օջախներ հաճախելուց, նրանք սիրում են այցելել նարգիլե սրահներ, իսկ եթե նարգիլե սրահները փակվեն, ապա այդ ռուս զբոսաշրջիկները չեն ցանկանա գալ Հայաստան»,- ասել է Ասրյանը։

Նարգիլեի բիզնեսով զբաղվողները նաև հավելել են, որ ներկայացրած նախագիծը հակասում է միջազգային չափանիշներին, այն մշակելիս հաշվի չեն առնվել մասնագետների կարծիքները, ուստի բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ