Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2019 թվականի առաջին նորակոչիկները:
Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ նորակոչիկները զինվորական համազգեստ կստանան հենց հավաքակայանում: Նորակոչիկների՝ զորամասը վիճակահանությամբ ընտրելու գործընթացը նախկինի պես կհեռարձակվի առցանց և ծնողներին հնարավորությունկստանան հարևան սենյակից հետևելու դրա ընթացքին: Ըստ որոշման՝ մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ` օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն ԶՈՒ-ի շարքերից։ Կենտրոնական հավաքակայանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմաններին էական փոփոխություն չկա, հրադադարի ռեժիմը հիմնական մասով պահպանվում է:
«Եթե նախորդ տարիների հետ համեմատելու լինենք, որոշակի չափով կա կրակոցների նվազման միտում»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ փոփոխություն է մտցրել Ադրբեջանի՝ հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում բանակի ստորաբաժանումները սահմանապահներով փոխարինելը, Դավթյանը պատասխանեց. «Սահմանի իրավիճակում որևէ փոփոխություն չի մտցրել, և չեմ կարծում, որ կմտցնի: Այս պահի դրությամբ որևէ դրական կամ բացասական ազդեցություն չի կատարվել այդ ուղղությամբ: Հետագայում կողջունենք, եթե սկսենք բանակցություններ` և' սահմանի որոշման խնդրով, և' ընդհանուր ծառայության կազմակերպման ուղղությամբ»:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավելեց, որ հայկական կողմն իր մասով կատարում է որոշակի խնդիրներ՝ առանց հայտարարելու և միակողմանի:
Արտակ Դավթյանը նաև ասաց, որ ձմեռային զորակոչի ժամանակ մեծ փոփոխություններ չեն լինելու, զորակոչը կազմակերպվելու է ինչպես միշտ: «Առողջությանն ենք ուշադրություն դարձնելու, սահմանափակումներին, որպեսզի հետագայում կարողանանք ճիշտ նշանակումներ կատարել զորքերում: Քանի որ ձմեռ է, ավելի շատ ուշադրություն դարձնում ենք տեղափոխման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը, որպեսզի բոլորին անվտանգ հասցնենք ծառայության վայրեր»,-ասաց Արտակ Դավթյանը:
Խոսելով պատահարների մասին՝ նա կոչ արեց հետևել ընդհանրապես ճանապարհներին տիրող իրավիճակին և համեմատել զինված ուժերում մեքենաների պատահարների հետ: «Իհարկե, մենք հետևություններ անում ենք յուրաքանչյուր ցավալի դեպքից, ավելի խստացվել են քննությունները կամ ստուգման որակը, բացի այդ վերապատրաստումը, որ մենք ասում ենք, կոշտ պահանջներ ենք ներկայացրել զորամասերի, որ ավելի ուշադրություն դարձնեն՝ նման խնդիրներ չլինելու համար: Վերջին չորս տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են երկու հազարից ավել նոր մեքենաներով, դրան զուգընթաց հանվում են այն բոլոր մեքենաները, որոնք իրենց դարդը ապրել են տարիքային, կամ անսարքության առումով մոտակա շրջանում ևս նախատեսվում է այդ գործընթացը շարունակել»,-ասաց նա: Արտակ Դավթյանը նշեց, որ ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին առանձնապես ուշադրություն են դարձնում, ցավալի դեպքից հետո վերահսկողությունը ուժեղացել է:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասաց նաև, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը շարունակվում են. «Քանակային առումով դեռևս վաղ է ինչ-որ բան ասել, բայց այս պահի դրությամբ լինելու է մոտավորապես այնքան, որքան նախորդ զորակոչերի ժամանակ: Այս պահի դրությամբ 72 հոգի դիմել է «Ես եմ» ծրագրով և 90-ից ավելի մարդ «Պատիվ ունեմ» ծրագրով: Բայց դրանք վերջնական թվեր չեն, դեռ առաջին օրն է զորակոչի»:
Ինչ վերաբերում է զինծառայողների հագուստին, Արտակ Դավթյանն ասաց, որ այստեղ որակական առումով փոփոխություններ լինելու են. «Ներքնաշորերն արդեն փոփոխված են, մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվեցինք, այլևս դրանք չկան: Կլինի փոփոխություն նաև բուն համազգեստի նաև կտորի հետ կապված: Զինվորների նոր կոշիկները պատրաստման, ավարտման, պահեստավորման փուլում են, ավարտից հետո դրանք կուղարկվեն զորամասեր, բոլոր զորամասերը կապահովվեն նոր տեսակի կոշիկներով»:
ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկվանից առաջին խումբը ժամանել է կենտրոնական հավաքական՝ զորակոչվելու համար. «Վիճակահանություն կլինի ու 17:00-ից հետո զինծառայողներին կուղեկցեն զորամասեր: Հիմնական աշխատանքները իրականացվել են դիմավորման կետում, մանդատային հանձնաժողովում, բժշկական կետում: Այս զորակոչի ընթացքում կա մեկ առանձնահատկություն՝ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները, նրանք, ովքեր կցանկանան, իրենց հետ են վերցնում հեռախոսները: Կա մեկ պայման, կան սահմանափակումներ՝ բջջային հեռախոսներով նկարահանումներ չիրականացվեն»,- մանրամասնեց Հ. Մուրադյանը:
Նրա խոսքով՝ ովքեր ունեն լուրջ առողջական խնդիրներ, անպայնման ստուգվում են՝ հասկանալու համար պիտանի՞ են զինվորական ծառայության, թե ոչ: Նա ասաց, որ անցյալ տարի 400-ից ավել երիտասարդ առողջությունը վերականգնելուց հետո զորակոչվել են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը