07 01 2019

Հանցագործությունների ու օրինազանցությունների մեկ շաբաթը

Հանցագործությունների ու օրինազանցությունների մեկ շաբաթը

Մինչ հանրապետությունում տիրում էր տոնական տրամադրություն, 2019-ի լրահոսը սկսվեց բացասական լուրերով՝ սպանություններ, ինքնասպանություններ, վթարներ, գողություններ: Շատերն անհանգստացած էին իրենց կյանքի, առողջության, ինչո՞ւ չէ նաև՝ կարողության համար: Վերջին մեկ շաբաթում զգալիորեն աճել են հանցագործությունների թիվը:

Ներկայացնում ենք վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը.

Դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչն իր վարած Hummer մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնի, ով Արտաշատի բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

Դեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Սպանվել է Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչ:

Դեկտեմբերի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Գյումրիում բախվել են Range Rover մակնիշի և ZAZ մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 3-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:

Հունվարի 1-ին Ժամը 01։00-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ։

Դեկտեմբերի 31-ին Լոռու մարզում ժամը 13 : 00 -ի սահմաններում Վանաձորի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 54-ամյա Աշոտ Զալինյանը, հայտնելով, որ իրեն պատկանող Lexus GX-470 մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու միջոցով ավտոսրահի միջից գողացել են մոտ 500 հազար դրամի ապրանք:

Հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախվել են Mercedes և Վազ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։

Հունվարի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Rover և Վազ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Rover-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ Վազ 2106-ի վարորդը ու նրա ուղևորը տեղում մահացել են։

Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այգեշատ գյուղի կիսակառույց շինություններից մեկում տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել:

Հունվարի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին բախվել են Infiniti և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները և 5 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Renault Logan և Lada Տamara մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հունվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Աշտարակի նորակառույց կամրջի տակ 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել:

Հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00 սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 13 անձ, որից 4-ը երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

 

Հունվարի 1-ին ժամը 07:10-ի սահմաններում, Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 2-ին ժամը 20:30-ին սահմաններում 20-ամյա երիտասարդն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանգառին՝ վրաերթի ենթարկելով կանգառում կանգնած 4 քաղաքացու, որոնցից 2-ը երեխաներ: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հունվարի 3-ին ժամը 21։00-ին Ոստիկանության Բաղրամյանի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ և հայտնել, որ նույն օրը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ցանկացել է նկարել գյուղը, գյուղապետարանի վարչական շենքը, սակայն գյուղապետը չի թողել, որ ինքը նկարահանումներ կատարի, իսկ հետո իր վրա ատրճանակ է պահել, պահանջել և վերցրել իր վկայականը և մի քանի անգամ հարվածել իր դեմքին, ինչի հետևանքով իրեն վնասվածքներ է պատճառվել։

Հունվարի 2-ին ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գործող «Հուկա ման» բարում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Մհեր Մուրադյանի, Վանաձոր քաղաքի բնակիչ Արթուր Եթիմյանի, Երևան քաղաքի բնակիչներ, 4 Կարեն Դավթյանի և Միքայել Ալեքսանյանի միջև: Պարզվել է նաև, որ վիճաբանությունը շարունակվել է Հյուսիսային Պողոտայի 1/2 հասցեի դիմաց, որի ընթացքում է Մ. Ալեքսանյանը (աջ ձեռքի հինգերորդ մատի կոտրվածք), իսկ Կ. Դավթյանը (կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հունվարի 4-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչը փակվել է բնակարանի լոգարանում և սպառնում է երակները կտրելու միջոցով ինքնասպան լինել։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը, և հայտնաբերել 31-ամյա կնոջ՝ ոչ ադեկվատ վիճակում:

Հունվարի 2-ին ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչն իր վարած ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին։ Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Հունվարի 2-ին ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Opel և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդն ու նրա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք մուտք են գործել 83-ամյա կնոջ տուն և դանակի սպառնալիքի տակ հափշտակել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, այնուհետև դիմել փախուստի:

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գյուղատնտեսական թունաքիմիկատով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Պարզվել է, որ Ազատավան գյուղի բնակիչներ, 88-ամյա Ռաֆիկ Մաթևոսյանը և 79-ամյա Օֆիկ Մաթևոսյանն իրենց տանը ինքնասպանություն գուրծելու նպատակով խմել են «Ագրոֆոս Սուպեր» տեսակի գյուղատնտեսական թունաքիմիկատ:

Հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը հարսին դաժան ծեծի են ենթարկել:

Հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Haise մակնիշի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաշխիչ գազախողովակին: Վթարի հետևանքով վարորդն ու երկու բուժաշխատող տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հունվարի 5-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ոստիկանները պարզել են, որ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենայի միջից որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ է արձակել 67-ամյա Հենզել Սիմոնյանի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով Հ. Սիմոնյանի որդին և 32-ամյա Սարուխան Սիմոնյանը, ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Հունվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 62 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ, 24-ամյա երիտասարդի դին, իսկ լոգարանում հայտնաբերվել է անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու դի:

Հունվարի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի բնակիչն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված վիճակում բախվել ծառին՝ վնասելով այդ հատվածով անցնող գազատար խողովակն ու հենասյուները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Հունվարի 5-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Նորաշեն գյուղի տներից մեկի տանիքում ոստիկանները պարանով կախված վիճակում հայտնաբերել են 74-ամյա կնոջ դի։

Հունվարի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 23/3 և 23/2 շենքերի միջև ընկած տարածքում մի խումբ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունենում: Կարճ ժամանակ անց, հերթական ահազանգն է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկում անչափահասների միջև ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ մի հոգի գետնին ընկած է: Նրանք քարերով, փայտերով, ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հունվարի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Պարզվել է, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։ Ըստ նախնական տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել, որի ժամանակ Դ. Հովակիմյանը խոհանոցային դանակով հարձակվել է կնոջ՝41-ամյա Ծովինար Հովհաննիսյանի և որդու՝ Ն. Հովակիմյանի վրա, և քաշքշուքի ընթացքում Ն. Հովակիմյանը ձեռքերով բռնելով դանակի շեղբից, այն մոտեցրել է Դ. Հովակիմյանի պարանոցին, ինչի պատճառով վերջինիս կոկորդը վնասվել է: Այնուհետեւ վառարանին դրված աղյուսով 2 անգամ հարվածել գլխին, որից հետո Դ. Հովակիմյանը սեղանից վերցրել է մեկ այլ խոհանոցային դանակ և կրկին հարձակվել որդու վրա: Վերջինս էլ հորից խլելով դանակը, 4 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Հունվարի 5-ին, 2 առանձնապես խոշոր չափի գողության դեպքեր են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Մազմանյան փողոցի բնակիչը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք հավանաբար իմանալով, որ տան անդամները այդ օրերին տանը չեն լինելու, տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացել են, ներս մտել տուն, տակնուվրա արել գույքը և այնտեղից հափշտակել 1 մլն 500 հազար դրամ։

Դեկտեմբերի 5-ին նույն Ոստիկանության բաժին է դիմել նաև Փանյան փողոցի բնակիչը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք, հավանաբար իմանալով, որ տան անդամները բացակայում են, կոտրել են ննջասենյակի պատուհանի ապակին, մտել տուն և ննջասենյակներում պահվող զարդատուփերից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր։ Ընդհանոր գումարը կազմում է մոտ 2 մլն դրամ։

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 21-ը: Արձանագրված կողոպուտի և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել են՝ անձի առևանգման, խարդախության, տրանսպորտային միջոց փախցնելու 2-ական դեպքերը: Բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով արձանագրված 4 և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության դեպքը: Բացահայտվել է գողության՝ 8, դիտավորությամբ գույքի ոչնչացման 2 դեպք: Արձանգրված 19 այլ հանցագործություններից բացահայտվել են 18-ը:

2018 թվականի հունվարի 2-ից 4-ը հանրապետությունում գրանցվել է 33 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 1 մարդ, 74-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ինչպես նաև հունվարի 6-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց, որոնցից 18-ի վարորդները ոչ սթափ վիճակում վարելու համար: Իսկ Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 233 տրանսպորտային միջոց, որոնցից 206-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:

Ի դեպ, նշենք, որ ՀՀ ոստիկանության և shamshyan.com-ի տվյալներն իրարից բավականին տարբեր էին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ