24 12 2018

Ի՞նչ գիտի անկախ դատական համակարգի մասին Էջմիածնի իրավաբան քաղաքապետը․ 168․am

Ի՞նչ գիտի անկախ դատական համակարգի մասին Էջմիածնի իրավաբան քաղաքապետը․ 168․am

168․am-ը գրում է․ «Թեպետ մամուլում հրապարակումներ եղան Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ցույցերի՝ ուղղորդված ու կազմակերպված լինելու մասին, այնուամենայնիվ, իրողություն է, որ Մանվել Գրիգորյանը Էջմիածնում հանրային վստահություն չունի։

Այս պատմության մեջ ուշագրավը քաղաքապետ, մասնագիտությամբ իրավաբան Դիանա Գասպարյանի որոշ արտահայտություններն էին, որոնց իրավական մեկնաբանությունը 168.am-ը ցանկացավ ստանալ հենց քաղաքապետից։

Վերջինս, սակայն, հավանաբար լսելով, որ իրեն զանգահարել են 168.am-ից, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, որ ինքը չի կարող հիմա խոսել, շատ կարևոր խորհրդակցության է մտնում։

Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, ե՞րբ կարող ենք զանգահարել իրեն, Դիանա Գասպարյանը հետևյալ պատասխանը տվեց.

«Այսօր շատ զբաղված եմ։ Ինձ թվում է՝ ինչի վերաբերյալ որ հանրությանը հետաքրքրում է, բոլոր հարցերին պատասխանել եմ, անընդհատ հետաքրքրվել եմ էս մի քանի օրը։ Հետո քաղաքացիների ընդունելություն է մոտս սկսվում, բոլորն իրենց խնդիրներով գալու են, չեմ կարողանա խոսել»։

Թեպետ, առանց մեր հարցերը լսելու՝ Էջմիածնի քաղաքապետն արդեն իսկ գուշակել էր դրանք ու համարել, որ խոսել է դրանց մասին, այնուամենայնիվ, մենք ստորև կներկայացնենք այն հարցերը, որոնց պատասխանները 168.am-ն ակնկալում էր ստանալ, և, եթե տիկին Գասպարյանը հարմար կգտնի պատասխանել դրանց, մենք սիրով կհրապարակենք։

1. Հաշվի առնելով ցուցարարների բողոքի թեման՝ ինչպե՞ս քաղաքապետը կմեկնաբանի իր ֆեյսբուքյան գրառումը և դրա հետագա վերահաստատումը, որ ինքն իր քաղաքացիների կողքին է, ինչ էլ որ նրանք որոշեն։ Եթե կա դատարանի որոշում՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, քաղաքացիներին հայտնվող ի՞նչ անվերապահ աջակցության մասին է խոսքը։

2. Ի՞նչ է նշանակում բողոքի ակցիայի մասնակիցների մոտ՝ «Դատավորը չի գա, միգուցե մենք գնանք նրա մոտ» արտահայտությունը։ Ի՞նչ պիտի անեին իրենք դատավորի մոտ։

3. Արդարադատության նախարարության մոտ բողոքն ի՞նչ պիտի տա ցուցարար էջմիածինցիներին, ի՞նչ կապ ունի Արդարադատության նախարարությունը դատավորի որոշման հետ։

4. Քաղաքապետը հորդորեց հանգստյան օրերին ակցիաներ չանել ու մարդկանց նախաամանորյա եռուզեռի համար խոչընդոտներ չստեղծել՝ ասելով՝ «միգուցե համապատասխան մարմիններն այդ ընթացքում բացատրություններ տան»։ Ի՞նչ բացատրություն է սպասում քաղաքապետը և ո՞ր մարմնից։

5. Ի՞նչ կապ ուներ ցուցարարների քաղաքական կողմնորոշումն օրվա խորհրդի հետ, որ քաղաքապետը համենայն դեպս ցանկացավ վստահ լինել, որ ներկաներն իշխանամետ են, և սա դասական ցույց չէ։

6. Վստահության մեծ քվե ստացած քաղաքապետը չցանկացա՞վ, թե՞ չկարողացավ մարդկանց բացատրել դատարանի որոշման էությունը, հանդարտեցնել նրանց ու կաթածահար չանել քաղաքի բնականոն կյանքը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ