21 12 2018

Ինչո՞ւ է թանկացել ալյուրը. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է պատճառները

Ինչո՞ւ է թանկացել ալյուրը. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է պատճառները

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, վերջին օրերին կատարված մոնիթորինգի արդյունքում արձանագրել է ալյուրի գնի բարձրացում: 1 կիլոգրամ բարձրակարգ ալյուրի մեծածախ գինը նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ:

Ընդհանուր առմամբ ընկերությունների մոտ գնային բարձրացումը կազմել է 450 դրամ՝ 50 կգ պարկի հաշվով: Նկատի ունենալով ալյուրի և ցորենի շուկաների սոցիալական նշանակությունը, ՀՀ Մրցակցային մարմինը սկսել է ուսումնասիրություն՝ պարզելու գնային փոփոխության պատճառը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ցորենի ներկրման ոլորտում խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են՝ «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները՝ որոնց մասնաբաժինը 2018 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում եղել է համապատասխանաբար՝ 52 տոկոս և 23 տոկոս: Ցորեն ՀՀ հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից:

Նշենք նաև, որ այս երկու ընկերությունները զբաղվում են ցորենի ալյուրի տեղական արտադրությամբ՝ իրենց կողմից ներկրված հումքի հաշվին: Ըստ մոնիթորինգի տվյալների, «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ 214 դրամից դարձել է 223 դրամ, իսկ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ վերոնշյալ ընկերությունների մոտ ալյուրի վաճառքի գների բարձրացում արձանագրվել էր նաեւ ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին. գնային բարձրացումը կազմել էր 11-12 դրամ:

Այսինքն, սկսած օգոստոսից, 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը աճել է 20-21 դրամով: Գնային բարձրացումների պատճառների և հիմնավորումների վերաբերյալ Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն: Հանձնաժողովում առկա տվյալների համաձայն, երկու ընկերություններն էլ նշված ժամանակահատվածում ըստ հաշիվ-ապրանքագրերի ցորենը սկսել են ձեռքբերել ավելի բարձր արժեքներով, քան նախկինում:

Այս պահին Հանձնաժողովը իրականացնում է լայնածավալ ուսումնասիրություն, որի ընթացքում կհամադրվեն ցորենի և ալյուրի ձեռքբերման, իրացման ինչպես նաև միջազգային գները: Գնագոյացման ողջ շղթան ուսումնասիրելուց հետո, Հանձնաժողովը կհրապարակի դրանց արդյունքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ