ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաշվի առնելով Շվեյցարիա կատարած իմ այցի շուրջ մեծ հետաքրքրությունը, հնչած տարատեսակ մեկնաբանությունները և լրագրողների չդադարող հարցերը, թե ինչ միջոցներով եմ այցելել Ժնև, հարկ եմ համարում մանրամասն հաշվետվություն ներկայացնել այցի մասին: Եվ այսպես`
1. Գաղափարը: Ժնև այցելելու գաղափարը ծնվել է Շվեյցարիայի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների մոտ: Նման այց կատարելու առաջարկ ինձ ներկայացրել է Շվեյցարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը:
2. Ծախսերը: Այցի ընթացքում ինձ ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը, մամուլի խոսնակը, արարողակարգի բաժնի երկու ներկայացուցիչ: Անձամբ իմ, հիմնադրամի տնօրենի և մամուլի խոսնակի մասով այցի ծախսերը փակվել են հիմնադրամի միջոցներից, կառավարության արարողակարգի բաժնի աշխատակիցներինը` պետական միջոցներից: Այսպիսով` հիմնադրամից ծախսվել է 3.613.034 ՀՀ դրամ, պետական միջոցներից` 2.516.000 ՀՀ դրամ: Շվեյցարիա կատարած այցի վրա հիմնադրամից և բյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 6.130.000 ՀՀ դրամ:
4. Արդյունքները: Ժնևում ունեցած իմ հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները բոլորը միասին «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել 75,435,620.73 ՀՀ դրամ: Ձեռք են բերվել հետագա համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ: Լուծվել է պետական նշանակության մի ծրագրի (400 հազար եվրո արժողությամբ) ֆինանսավորման հարցը: Շվեյցարիայի խորհրդարանում ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, հայ կանանց դերը Հայաստանի հեղափոխության մեջ: և վերջապես, Ժնևի համայնքի ներկայացուցիչների հետ ունեցել եմ անչափ ջերմ, սրտամոտ շփումներ, ճանաչել ենք իրար և ձևավորել ենք հարաբերություններ, որոնք երբեք փողով չես չափի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը