08 12 2018

Օմարի լեռնանցքն ազատագրվեց Խաչատուրովի հրամանատարությամբ. Կորյուն Ասատրյան․ 1in.am

Օմարի լեռնանցքն ազատագրվեց Խաչատուրովի հրամանատարությամբ. Կորյուն Ասատրյան․ 1in.am

Օմարի լեռնանցքի գործողությունների հրամանատար Կորյուն Ասատրյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Օմարի լեռնանցքի՝ ադրբեջանցիների կողմից գրավմանը և հայոց զորքերի կողմից ազատագրմանը: Նա նշել է, որ 1994-ի հունվարի 2-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով Երևանյան գունդը՝ գեներալ-լենտենանտ Գուրգեն Մելքոնյանի հրամանատարությամբ մեկնեց Օմարի լեռնանցք.  «Եղավ այն, որ հայկական ուժերն էլ չկարողացան թշնամու դեմն առնել: Չկարողացան, և թշնամին բազմաթիվ զոհեր տրորելով իջավ հասավ մինչև Թարթարի հովիտ՝ մի կողմից գնաց մինչև Դադիվանք, մյուս կողմից հասավ մինչև Վարդենիսի մատույցներ՝ Սեյդլար, իսկ այդ նահանջող զորքերի, ցաքուցրիվ զորքերի միավորողը, կազմավորողը եղավ գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը, որին քաղաքական առումով ինչ-որ բաներ կա, բայց նա պրոֆեսիոնալ և գիտակ գեներել է: Ես ափսոսում եմ որ լավագույն մարդկանց անունները ամենատարբեր ձևերով շահարկվում են,  ափսոսում եմ»:

Ասատրյանը խոսեց նաև այն մասին, թե ինչպես է Յուրի Խաչատուրովը դարձել ընդհանուր ճակատի հրամանատար. «1994 թվականի փետրվարի 4-ին Վարդենիսում հրամանատարական կազմի ընդհանուր հավաքի ժամանակ Վազգեն Սարգսյանն ինձ առանձնացրեց և ոտքով քայլեցինք ամբողջ զորքի ներկայությամբ հեռացանք ամբողջից և բոլորից և ինձ հարց տվեց՝ որպես Օմար լեռնանցքի երկարաժամկետ հրամանատար ի՞նչ կարծիքի եք՝ Օմար լեռնանցքը ինչպե՞ս կարող ենք շուտ և հեշտությամբ ետ վերադարձնել: Այստեղ ընդմիջելով ասում եմ՝ ես ունեմ կորցրած զավակ, ծնողներ, և ես հասկանում եմ մահացած մարդու անունից խոսել, չի կարելի մահացած մարդու անունը շահարկել, եթե այնտեղ չկա ակադեմիական ճշմարտություն: Վազգեն Սարգսյանին ես բառացի ասացի, որ երկու խնդիր պետք է լուծվի, ասեց ո՞րն է, ասացի՝  ճակատի հրամանատարը մեկ, երկրորդը՝ թշնամու թիկունք զորք մտցնելը: Վազգեն Սարգսյանին բառացի ասացի՝ ճակատի հրամանատարական կազմը, ինչպես այն ժամանակ կարկառուն դեմքեր կային՝ և Մուրադ Սարգսյանն էր այնտեղ, և գեներալ-լեյտենանտ Անդրեասյանը և հայտնի շատ ջոկատների և գնդերի հրամանատարներ, բայց ես իրեն ասացի՝ խնդրում եմ պարոն Վազգեն Սարգսյան, ճակատի հրամանատար բերեք այն ժամանակ գնդապետ Յուրի Խաչատուրովին, ասաց՝ իսկ ինչո՞ւ Յուրի Խաչատուրովին, թող ինձ ների Յուրի Խաչատուրովը, որ այդ բառն օգտագործել եմ, ասացի՝ ես իմ տեսած պրոֆեսիոնալ զինվորականների մեջ նկատել եմ Յուրի Խաչատուրովի այն խորամանկ ռազմավարությունը, խորամանկ բառը միգուցե ուրիշ ձև դիտվի, որ նա կարողացավ 1992 թվականին Վահան գյուղի դիրքերը, երբ թշնամին գրավել էր, Յուրի Խաչատուրովը երեք ուղղաթիռով եկավ մեզ օգնության,թե ինչպես թշնամուն խաբեց, որ մենք հաջորդ առավոտյան կհարձակվենք, բայց կես ժամ հետո պիրիոդ հրամանը տվեց և 20 րոպեի ընթացքում Վահան գյուղի դիրքերը հետ գրավեց: Վազգեն Սարգսյանը լավ էր հիշում, որ Յուրի Խաչատուրովը երեք ուղղաթիռով եկավ մեզ օգնության, որոնցից մեկը փչացավ, վայր ընկավ, որի մեջ էր Յուրի Խաչատուրովը, Խաչատուրովին օգնողն էլ ես եմ եղել, որ ուղղաթիռից իջել են: Վազգեն Սարգսյանն ասաց՝ ուրեմն դուք պնդում եք, որ Խաչատուրովը լինի, ասացի՝ ոչ թե պնդում եմ, այլ խնդրում եմ, ուզում ես խնդրանքս աղաչանքի վերածեմ, քանի որ ես տեսել եմ՝ այդ մարդը գիտի կամավորի հետ խոսել, կամավորական ջոկատի հատուկ հրամանատարների հետ խոսելու հատուկ ձև ուներ: Վազգեն Սարգսյանն ասաց՝ ես հիմա գնում եմ Երևան և կհրահանգեմ, որ Յուրի Խաչատուրովը գա այնտեղ ճակատի հրամանատար»:

Ասատրյանը խոսեց նաև այն մասին, թե ինչպես է ստացվել, որ Օմարի լեռնանցքն ազատագրվել է երկրորդ անգամ. «39 օր հայոց զորքերը նահանջելուց հետո կարողացան Խաչատուրովի հրամանատարությամբ ազատագրել Օմարի Լեռնանցը:   1993 թվականի դեկտեմբերի 28-29-ից հետո մինչև փետրվարի 6-ը ներառյալ, 1994 թվականի փետրվարի 6-ին՝ 7-ի լույս գիշեր Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ հայոց ցաքուցրիվ եղած գնդերի, գումարտակների, զորախմբերի մնացորդները՝ նահանջած մասը, կազմավորվեցին:  Փետրվարի 7-ին ասաց պիրիոդ, 11-րդ օրը՝ 1994 թվականի փետրվարի 18-ին, Խաչատուրովի հրամանատարությամբ  Օմարի լեռնանցքը երկրորդ անգամ ազատագրվեց»:

Նյութն ամբողջությամբ՝ 1in.am-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ