Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը 60 օր է տվել 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման համար: Հակառակ դեպքում` Վաշինգտոնը սպառնում է լքել համաձայնագիրն ու նոր հրթիռներ ստեղծելու, փորձարկելու, տեղակայելու հնարավորություն ստանալ: Այս մասին տեղեկանում ենք The Guardian պարբերականից:
Նման վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն այս մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո: Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը խախտում է համաձայնագրի պահանջները՝ ստեղծելով արգելված հրթիռներ: «Եթե Ռուսաստանը 60 օրում չվերադառնա իր ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարմանը, մենք ևս կդադարեցնենք մեր պարտավորությունների կատարումը»,-ասել է Պոմպեոն: ԱՄՆ-ի դիրքորոշումն աշխարհում սպառազինման նոր խոշոր մրցավազքի մեկնարկ է գուժում, ինչն առաջին հերթին լուրջ խնդիրներ կառաջացնի Եվրոպայի համար:
Մարիա Զախարովան էլ մեկնաբանելով Պոմպեոյի հայտարարությունը, նշել է, որ Մոսկվան հետևում է համաձայնագրի բոլոր պահանջներին, հայտնում է ria.ru-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը