04 12 2018

«Վարչապետ» անվամբ և ՀՀ զինանշանով օղի է վաճառվում

«Վարչապետ» անվամբ և ՀՀ զինանշանով օղի է վաճառվում

«Երևան Սիթի» սուպերմարկետներում վաճառվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի  եւ դրոշի գործածմամբ   «Վարչապետ»  անվամբ թավշյա օղի (գինը 4190 դրամ փաթեթավորված կամ 3690 դրամ առանց փաթեթի):

Այս առնչությամբ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որտեղ նշում է.

«Համաձայն հանրության շրջանում տարածված լուրերի Հայաստանի Հանրապետության զինանշանի  եւ դրոշի գործածմամբ   «Վարչապետ» անվամբ թավշյա օղին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համատեղ շահույթ հետապնդող ձեռնարկ է:

Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին ՀՀ օրենքով (ՀՕ-148-Ն): Սույն օրենքը Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման կարգի  եւ   պահանջների խախտումը ճանաչում  համազոր` պետական խորհրդանիշն անարգելուն: Պետական խորհրդանիշն անարգելը քրեորեն հետապնդելի արարք է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 331 հոդվածով` «Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաեւ այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝  առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ` իրականացնել քրեական հետապնդում եւ քննությամբ պատասխան տրամադրել հետեւյալ հարցերին.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի  ձեռնարկը` «Վարչապետ» անվամբ թավշյա օղու արտադրությունը կոռուպցիոն հանցագործություն է, թե ոչ:

ՀՀ զինանշանի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղու շշի եւ փաթեթավորման արտադրությամբ եւ վաճառքով, ովքեր են թույլ տվել քրեորեն հետապնդելի արարք` Պետական խորհրդանիշն անարգելը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ