26 11 2018

Հայաստանում հանքարդյունաբերության և քաղցկեղի կապը՝ թվերով

Հայաստանում հանքարդյունաբերության և քաղցկեղի կապը՝ թվերով

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

 «Հակառակ տարածվող ապատեղեկատվությանը, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանում հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի վերաբերյալ որևէ հիմնավոր հետազոտություն և փաստ այս պահին չկա: Ավելին՝ ըստ վիճակագրական տվյալների, քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը ավելի բարձր է Հայաստանի ոչ հանքարդյունաբերական մարզերում:

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը, խնդրելով տեղեկություններ տրամադրել Հանրապետությունում քաղցկեղի վիճակագրության վերաբերյալ: Նախարարության կողմից տրամադրված պատասխանը հետաքրքիր տվյալներ է պարունակում. մասնավորապես, հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Նախարարությունը փաստում է, որ քաղցկեղի առաջացման պատճառների 1/3-ը պայմանավորված է վարքագծային ռիսկի գործոններով՝ ծխախոտի օգտագործում, անառողջ սնունդ, ցածր ֆիզիկական ակտիվություն և ալկոհոլի չարաշահում, որոնք Հայաստանում ևս ունեն լայն տարածում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այլ պատճառների շարքում են նաև քաղցկեղածին վիրուսները, ինչպես նաև առողջապահական ծառայությունների անմատչելիությունը ցածր եկամուտ ունեցող երկրներում:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է նաև Հայաստանում ըստ մարզերի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշները: Եթե առաջնորդվեինք որոշ ակտիվիստների կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, ապա Հայաստանում քաղցկեղի հիվանդացության ցուցանիշով հանքարդյունաբերական Սյունիքը պետք է լիներ առաջատարը, սակայն ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են ճիշտ հակառակը: Ըստ այդմ՝   2017թ. նորագոյացություններով հիվանդացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է հենց Սյունիքում, իսկ ահա ամենաբարձրը՝ Կոտայքում, որին հաջորդում են Գեղարքունիքը, Շիրակը՝ մարզեր, որոնք հանքարդյունաբերական չեն:  Մանրամասները՝ աղյուսակում. 

ՄԱՐԶ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ (100 000ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎՈՎ) ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ(100.000 ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎՈՎ)
Երևան 446.6 2953.2
Արագածոտն 239.8 1935.3
Արարատ 247.7 1590.8
Արմավիր 355.6 1756.3
Գեղարքունիք 461.4 1963.2
Լոռի 420.8 2763.0
Կոտայք 555.4 2568.1
Շիրակ 459.4 2627.8
Սյունիք 200.7 1490.8
Վայոց Ձոր 297.2. 1602.1
Տավուշ 291.3 1556.3

 

Հուսով ենք, որ այս տվյալները բավարար կլինեն Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղի՝ հանքարդյունաբերության վերաբերյալ որևէ գիտական հիմնավորում չունեցող անհիմն  հայտարարություններ չանելու և հանրության շրջանում վախեր չտարածելու համար:

Խիստ կարևորելով Հայաստանում հանքարդյունաբերության որակի բարելավման, ոլորտում միջազգային չափանիշների ներդրման և պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը և բոլորովին չանտեսելով անպատասխանատու հանքարդյունաբերության բացասական հետևանանքերը շրջակա միջավայրի վրա՝ միաժամանակ հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ ապատեղեկատվության տարածումը և անհիմն միֆերի շրջանառումը չի նպաստելու ոլորտի խնդրիների լուծմանը և կոչ ենք անում հիմնվել բացառապես փաստերի և ճշտված տեղեկությունների վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ