ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ: Հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:
ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները՝ օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում և ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ և այլ պարագաներ:
Հայտնաբերվել է նաև շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված և փաթեթավորված է եղել՝ հնարավոր է, որ նախատեսվել են իրացման համար:
Քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, կատարվել են ձերբակալություններ: Նախաքննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը