Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այս տարվա ապրիլին փոփոխված նախագծով ստացվեց, որ ՀՀ վարչապետը ստացավ երկու նստավայր, և նշեց, որ առաջարկում են Հայաստանի նախագահի նստավայրը Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենք տեղափոխել Մաշտոցի 47 հասցեից, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ՝ կառավարական տուն 1:
«Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ գտնում է, որ վարչապետը կառավարության գործունեության ղեկավարումը կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով»,-ասաց նա: Ըստ փոխնախարարի՝ բացի այդ, իրենք գտնում են, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26 շենքը, որը նաև 92-ին ծառայել է ՀՀ նախագահի նստավայր, պետք է վերադարձնել ՀՀ նախագահին, որը նաև փոփոխված Սահմանադրությամբ հանրապետության գլուխն է և Սահմանադրություն ապահովող մարմինն է:
Հարցի քննարկումից հետո նախագիծը դրվեց առաջին ընթերցման քվեարկության և ընդունվեց 55 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ համամասնությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը