14 11 2018

Տապալել խայտառակ օրինագիծը․ հորդոր՝ ԱԺ-ին

Տապալել խայտառակ օրինագիծը․ հորդոր՝ ԱԺ-ին

Օգտվելով քաղաքական օրակարգի գերհագեցած լինելու հանգամանքից և հասարակության կողմից այլ խնդրիների վրա ուշադրության բևեռացվածությունից, ՀՀ ԱԺ-ի «Ծառուկյան» դաշինքի մի խումբ պատգամավորներ, չնայած հանրային քննարկում կազմակերպելու նախնական հավաստիացումներին, խորհրդարանի քննարկմանը ներկայացրեցին «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մի նախագիծ, որը, մեր խորին համոզմամբ, ոչ միայն հակասում է միջազգային բոլոր չափանիշներին, այլև ուղղակի վտանգ է ներկայացնում ՀՀ ցանկացած իշխանության համար, քանի որ, ըստ էության, առաջարկված նախագիծն օրինականացնում է «պետություն՝ պետության մեջ» սկզբունքը: Չցանկանալով խորանալ օրինագծի բոլոր մանրամասների մեջ, նախ ուշադրություն ենք հրավիրում հանգամանքի վրա, որ առաջարկվում է արհմիությունները ձևավորել «բոլորը բոլորի հետ» սկզբունքով:

Այլ կերպ ասած՝ միևնույն կառույցում կարող են միավորվել, ասենք, լրագրողները, խաղողագործներն ու պետավտոտեսուչները: Առաջին հերթին սա ձևախեղում է արհմիության բուն գաղափարը, քանի որ «արհեստակից» հասկացությունը նշանակում է միևնույն արհեստի տիրապետող (տես «Արդի հայերենի բացատրական բառարան»):

Հետևաբար, նման փոփոխության արդյունքում ձևավորվող կառույցը կարող է անվանվել ցանկացած կերպ, բայց ոչ՝ արհեստակցական միություն: Սրան գումարած, բացարձակապես հասկանալի չէ, թե ի՞նչ գործառույթներ պիտի ունենա նման կառույցը, եթե խոսք լինի շահերի բախման մասին: Այսուհանդերձ, բոլոր այս, միգուցե՝ տեսական, սակայն խիստ հավանական վտանգները ստվերվում են, մեր կարծիքով, եղած ամենալուրջ և հստակ ծրագրավորված վտանգի առաջ, այն է՝ օրենքի փոփոխությունը հնարավորություն է ստեղծում արհմիության անվան տակ ստեղծել մի կառույց, որն ի վիճակի է կաթվածահար անել Հայաստանի պետական և մասնավոր սեկտորի աշխատանքը:

Մասնավորապես, խոշոր գործարարները, որոնց շահերից էլ բխեցվում են օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկները, կարող են արդեն օրինական հիմունքներով կազմակերպել բողոքի ակցիաներ և գործադուլներ՝ կառավարությանը շանտաժի միջոցով հարկադրելով ընդունել իրենց բոլոր տեսակի պահանջներն ու քմահաճությունները: Սրանից բացի, օրինագիծը նախատեսում է, որ կոլեկտիվ պայմանագրի մեջ կարող են սահմանվել աշխատողի սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքը բարելավող նորմեր:

Մասնավորապես, անհատներին կամ իրավաբանական անձանց պատկանող ընկերություններն իրենց իսկ վերահսկողության տակ գտնվող արհեստակցական կազմակերպությանը և անդամներին «դրամական օգնություն» ձևակերպմամբ որոշակի տատանվող չափի գումար փոխանցելու հնարավորություն են ստանում: Սա ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառքի օրինականացում: Եվ եթե այս ակնհայտ իրողությունն ընկալող մարդիկ գործող խորհրդարանում չկան (հիշեցնենք, որ «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ոչ մի դեմ ձայն չէր ստացել), ապա մենք կարծում ենք, որ նման որակի քաղաքական գործիչների կարիք Հայաստանը չունի:

Հաշվի առնելով վերը նշվածը, մենք պնդում ենք, որ օրինագիծն արձակման փուլում գտնվող խորհրդարան բերելը սաբոտաժ է թե՛ պետության, թե՛ քաղաքացիական հասարակության դեմ: Մենք ՀՀ ԱԺ-ին կոչ ենք անում դեմ քվեարկել «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին: Եվ, վերջապես, մենք ՀՀ-ում գործող բոլոր արհեստակցական կազմակերպություններին կոչ ենք անում անել հնարավոր ամեն ինչ՝ այս խայտառակ օրինագիծը տապալելու ուղղությամբ:

Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ