09 11 2018

«Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ և անհիմն է. հայտարարություն

«Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ և անհիմն է. հայտարարություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն  է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

««Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպես 160-ամյա փորձառություն ունեցող  «Վեոլիա Գրուպ» ընկերության մասնաճյուղ, իր բաժանորդներին մատուցվող ծառայությանների որակը և անվտանգության բարձր չափանիշներն ու գնումների կանոններն ապահովելու նպատակով իրականացնում է հստակ քաղաքականություն, պայմանագրային հարաբերություններ հաստատելով այնպիսի հուսալի և կայացած ընկերությունների հետ, որոնք կարող են համապատասխան ոլորտներում ցուցաբերել պահանջվող փորձառություն և ներկայացնել գործունեության հարուստ պատմության համոզիչ ապացույցներ:

Համաշխարհային առաջատար Օպերատորի մաս կազմող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ակնկալվում է միջազգային լավագույն պրակտիկայի հնարավորինս լայն կիրառություն և առկա տեխնոլոգիաների ապահովում: Դրանով պայմանավորված, ընկերությունը նպատակամղված է իր գործունեության մեջ օգտագործել առավել բարձր դասի ապրանքներ և ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ի շահ երկրի և բաժանորդների:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ամենաբարձր պատասխանատվությունն է ստանձնել իր բաժանորդների հանդեպ և այդ իսկ պատճառով երբեք զիջումների չի գնա  Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների անվտանգությանը և ջրի որակի ապահովմանը վերաբերող հարցերում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, ըստ որի «Վեոլիա Ջուր» ընկերությունը «չարաշահում է գերիշխող դիրքը», մեզ համար անակնկալ է: «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ և անհիմն է:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն իր գործունեությունում մշտապես առաջնորդվում է ՀՀ-ի օրենքների պահանջներով: Ընկերությունը ցավում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տվյալ որոշումն ընդունվել է առանց Ընկերության կամ վերջինիս ղեկավարությունից որևէ մեկի ներկայության:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը բողոքարկելու է այս որոշումը, օգտվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած բոլոր հնարավորություններից»։

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին որոշմամբ՝ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել էր 20 միլիոն դրամով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ