05 11 2018

Մշակույթի նախարարությունը բացասական է վերաբերվում Օդանավակայանի անվանափոխությանը

Մշակույթի նախարարությունը բացասական է վերաբերվում Օդանավակայանի անվանափոխությանը

Մշակույթի նախարարությանը 2019-ին 15 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար է հատկացվելու: Այս մասին 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝  կինեմատոգրաֆիայի ծրագրին հատկացվող գումարը փոքր-ինչ նվազել է. ֆիլմարտադրության ոլորտում ոչ թե թվային ցուցանիշին են նայելու, այլ որակին: «Այսինքն` մենք որոշել ենք քանակը նվազեցնել, բայց ունենալ որակյալ ֆիլմեր»,-ասաց նա:

Մակունցը շեշտեց, որ մարզերի մշակութային զարգացման ծրագրին են ուշադրություն դարձնելու, որին հատկացվելու է 270 մլն դրամ, որը, ըստ նրա, մեծ ցուցանիշ է, բայց հուշարձանների պահպանության ոլորտում փոփոխություն չի լինի: «Բյուջեն սահմանափակ է, և հասկանալի է, որ մեր երկրի նման մշակութային ժառանգություն ունեցող պետություններում մեծ միջոցներ են պետք բազմադարյան ժառանգությունը պահպանելու համար: Այս առումով մեր քաղաքականությունը մի քանի ուղղվածություն ունի, առաջինը հերթին գտնում ենք, որ բոլոր դրամաշնորհային նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են  ընձեռում դիմելու մասնավոր սեկտորին, մենք հայտ ենք ներկայացրել` որպես պետական սեկտոր նույնպես դիմելու»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Մակունցը նշեց, որ այս պահին ՀՀ-ում կա 25 000 գրանցված հուշաձան: «Եվ եթե դիտարկում ենք այն բյուջեն, որն այս պահին ունենք, ստացվում է` տարեկան յուրաքանչյուր հուշարձանին հատկացվում է 10 000 դրամ, ինչը բավարար չէ»,- ասաց նա:

Մակունցը հայտնեց, որ արդեն դիմել են դրամաշնորհի մեկ ծրագրի, որը վարկային պարտավորություն չի ենթադրում: «Երեք հուշարձանի մշակութային գոտու հետ կապված դրամաշնորհ է` 288 մլն դրամի, որն ավելին է, քան տարեկան բյուջեով հատկացվում է»,- ասաց նա:

Խոսելով Զվարթնոց օդանավակայանը Ազնավուրի անունով անվանափոխելու մասին Լիլիթ Մակունցն ասաց, որ բացասական է վերաբերվում դրան.

«Սակայն հաշվի առնելով, թե սոցցանցերում քննարկումները, թե առանձին հայտերը, որոնք ներկայացվել են վերանվանման հետ կապված՝ անհրաժեշտություն առաջացավ, և մեզ առաջարկ հնչեցվեց՝ կազմակերպելու հանրային քննարկում»,-ասաց նա: Նախարարի պաշտոնակատար Մակունցը նշեց, որ հնչում են կարծիքներ, թե ինչպես է որոշվելու հանրային քննարկման արդյունքում:  «Հանրային քննարկումը բաղկացած է լինելու 10-12 փորձագետներից, ովքեր կներկայացնեն իրենց կարծիքը, և՛ հանրությունը, և՛ այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացրել, կարող են թե՛ քննարկմանը հետևել և թե՛ հարցեր ուղղել փորձագետներին, իսկ իրավասու գերատեսչությունն այնուհետև որոշում կկայացնի»,-ասաց նա:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում էլ մշակույթի նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ՝ ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու է արտահերթ ընտրություններին Երևանի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքից: «Թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք թիմով որոշում կկայացնենք, թե ինչպես ենք վարվելու, և մի բան է հստակ, որ մեր շեշտադրումն այն է, որ ունենանք թե լավ կառավարություն, և թե լավ Ազգային ժողով»: Լիլիթ Մակունցը հստակեցրեց, որ ինքը ՔՊ անդամ է:  «ՔՊ-ի հիմնադրման ակունքներում եմ եղել, բայց աշխատանքի բնույթից ելնելով՝ չեմ անդամագրվել կուսակցությանը, և երբ ստանձնել եմ նախարարի պաշտոնը, որը քաղաքական պաշտոն է, նպատակահարմար եմ գտել նաև քաղաքական առումով ամրագրել կարգավիճակը»,-ասաց նա: Հարցին, թե նախարարությունում կուսակցությանն անդամագրվողները շատ են, Մակունցը պատասխանեց, որ որքանով ինքն է տեղյակ՝ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ