01 11 2018

Դատավորին զենք կտան, որ ինքնապաշտպանվի

Դատավորին զենք կտան, որ ինքնապաշտպանվի

Հայաստանի կառավարությունը սահմանել է դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը։

Համաձայն կարգի՝ դատավորին հաշվեցուցակային զենք, այդ թվում՝ փամփուշտներ, և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածի համար ինքնապաշտպանության նպատակով:

Դատավորին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է ոստիկանությունը, որն էլ սահմանում է հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները։

Դատավորին տրամադրվող հաշվեցուցակային զենքի հետ միասին տրվում են զենքը կրելու համար նախատեսված համապատասխան հարմարանքներ, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:

Դատավորին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա:

Դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցումը կազմակերպում է Ոստիկանությունը:

Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում Դատական դեպարտամենտն այդ մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է Ոստիկանությանը:

Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները դատավորը մեկշաբաթյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնում է Ոստիկանություն:

Պաշտոնավարման ընթացքում դատավորի՝ տրամադրված հաշվեցուցակային զենքից և պաշտպանության հատուկ միջոցներից հրաժարվելու ցանկության դեպքում դատավորը դիմում է ներկայացնում Բարձրագույն դատական խորհրդին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ