Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» նախագիծը, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Ըստ նախագծի՝ հայտարարվում է 2018 թվականի նոյեմբեր-2019 թվականի հունվար ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ պետք է իրականացվի զորացրում:
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակվում են սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:
2018 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկվում են Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը