Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան տեսաուղերձով շնորհավորել է մայրաքաղաքի տոնը։
«Սիրելի՛ երևանցիներ, երևանցի ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն Երևանի բնակիչների, այլ ամբողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սիրում են Երևանը, այն համարում են իրենց հարազատ վայրը: Չէ՞ որ Երևանը ողջ հայության մայրաքաղաքն է: Եվ այսպես, սիրելի՛ երևանցիներ, շնորհավորում Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած մեծ տարիքին, լինի միշտ երիտասարդ, առույգ և ուժերով լի քաղաք», - մաղթել է քաղաքապետը:
Քաղաքապետը հաղորդեց՝ հոկտեմբերի 21-ին վաղ առավոտից սկսելու են մայրաքաղաքի տոնի առթիվ բազմաթիվ միջոցառումներ. վազք, հեծանվազազք, որին մասնակցելու է նաև ինքը։ Հայկ Մարությանը ողջ օրը շրջելու է քաղաքում, հանդիպելու և զրուցելու է երևանցիների հետ։
Մի քանի վայրերում լինելու են համերգներ, քաղաքի տարբեր հատվածներում հնչելու է տարբեր ոճի երաժշտություն։ Համերգները կեզրափակվեն Հանրապետության հրապարակում հրավիրվելիք մեծ գալա-համերգով: Այն, քաղաքապետի խոսքով, ոչ միայն կներկայացնի հետաքրքիր երաժշտություն, այլև Երևան քաղաքի պատմությունը: Տոնական միջովառումները կեզրափակվեն մեծ հրավառությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը